ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանում տրվել է Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոնի ծրագրի մեկնարկը: Ծրագրի իրականացումը կնպաստի լեռնադահուկային սպորտի և էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում, կապահովի ավելի քան 1600 աշխատատեղ, ինչպես նաև խթան կհանդիսանա տարածաշրջանի արտադրության, տրանսպորտային, մշակութային և ժամանցային ոլորտների զարգացմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության սույն թվականի մարտի 6-ի որոշմամբ հաստատված ծրագրով Վանաձոր քաղաքին մոտ կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխանող լեռնադահուկային հանգստի գոտի, որը կնպաստի Հայաստանում լեռնադահուկային սպորտի և էկոտուրիզմի զարգացմանը՝ խթանելով տարածաշրջանի զբոսաշրջային ու արտադրական ներուժի բացահայտմանը:
Մայմեխ լեռան մոտ կառուցվելիք համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստյան գոտու կառուցման տարածքը կկազմի 584 հեկտար: Ծրագրի շրջանակում կկառուցվեն 3 ճոպանուղի և լեռնադահուկային ուղիներ, որտեղ այցելուները հնարավորություն կունենան սովորել և սահել դահուկորդների յոթ հմտությունների դասակարգմանը համապատասխան սահուղիներով: Կենտրոնը նախատեսված կլինի նաև միջազգային մակարդակի սպորտային մրցումներ անցկացնելու համար:
Հանգստավայրը կգործի ամբողջ տարի և կունենա օրական 2000 այցելուի պատշաճ ընդունելու և բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Նախնական փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային կենտրոններ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ: