Ի պատասխան «Լոռի» հեռուստաընկերության պատրաստած «Քաղակտիվիստը լուրջ կասկածներ ունի, որ Վանաձորի փողոցների նորոգման ընթացքում գումարներ են փոշիացվել» տեսանյութի

Տեսանյութում քաղակտիվիստ Գևորգ Քոթանջյանը պնդում է, որ փողոցների նորոգման համար տրվող գումարներին համարժեք վերանորոգման աշխատանքներ Վանաձորում չեն իրականացվել: Վերջինս նշում է, որ Չուխաջյան փողոցում 2015թ.-ի աշնան ամիսներին սկսվել են շինարարական աշխատանքներ, որոնք ձյան գալու պառճառով դեկտեմբեր ամսին չշարունակվեցին: Հաջորդ տարի նորից գումար դուրս գրվեց, և սկսեցին աշխատանքներն իրականացնել: Արդյունքում փակվեցին այն բոլոր փոսերը, որոնք նախորդ տարի արվել էին:

Տեղեկացնում ենք, որ 2015-2016թթ. Վանաձոր համայնքում իրականացված փողոցների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների բոլոր աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերն  առկա են Վանաձորի համայնքապետարանում և անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել: Հարկ է նշել, որ 1 մ2 վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների գումարային տարբերությունը պայմանավորված է կատարվող աշխատանքի ծավալից և մրցույթում շահող կազմակերպությունների կողմից ներկայացված գնային առաջարկներից:

Այնուհետև տեսանյութում նշվում է, որ Վանաձորում ասֆալտապատված փողոցներից ուշագրավ է Շիրակացի փողոցը, որտեղ, ըստ Գ. Քոթանջյանի, 2018թ.-ին գրեթե շինարարական աշխատանքներ չեն իրականացվել, մի քանի փոս է փակվել, արդյունքում չկա որևիցե աշխատանք:

Նշենք, որ վերը նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ  Կառավարության 23.06.2017 թ.-ի թիվ 720-Ն և 24.08.2017թ. թիվ 1047-Ն որոշմամբ Կառավարության հրատապ ծրագրով Լոռու մարզպետարանին է հատկացվել 300 մլն ՀՀ դրամ` Վանաձոր համայնքի փողոցների վերանորոգման համար: Մրցույթի արդյունքում կազմակերպությունների կողմից առաջարկվող գինը կազմել է 203 մլն դրամ: Արդյունքում վերանորոգվել  են Վարդանանց, Զ. Անդրանիկի, Հալաբյան, Աղայան, Ուսանողական, Շինարարների, Մյասնիկյան, Նժդեհի, Շիրակացու, Թումանյան, Ներսիսյան, Զորյան, Տավրոսի 6-րդ, Դեմիրճյան փողոցները, Երևանյան խճուղին: Հարկ է նշել, որ Շիրակացի փողոցը` Տիգրան Մեծի խաչմերուկից մինչև Կարեն Դեմիրճյան խաչմերուկ, ամբողջությամբ հիմնանորոգվել է: Հիմնանորոգված բոլոր փողոցների  համար սահմանվել է 3 տարի ետերաշխիքային սպասարկման ժամկետ:

Տեսանյութում նշվում է նաև, որ Շիրակացի փողոցը կրկին հայտնվել է վերանորոգվող փողոցների ցանկում, ինչը, ըստ ակտիվիստ Գևորգ Քոթանջյանի խոսքի, շատ կասկածելի է: Փողոցի երկայնքով տարբեր հատվածներում ասֆալտի ծածկույթը կտրել, քերելը պատահական չէ, և քաղաքային իշխանություններն անցյալ տարի նախատեսված ու չարված աշխատանքների հետքերն են փորձում կորցնել:

Նշենք, որ Շիրակացի փողոցի` տեսանյութում ցուցադրված հատվածում, որտեղ աժմ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի համատեղ «Փողոցների կապիտալ նորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, 2017թ.-ին վերանորոգման որևէ աշխատանքներ չեն իրականացվել:

Տեսանյութում նշվում է նաև, որ բավականին անմխիթար վիճակում է գտնվում Լանջային փողոցը, որտեղ համայնքապետարանի կողմից որևիցե աշխատանքներ չեն իրականացվել:

Նշենք, որ  2017թ. բյուջեով նախատեսված գումարները չեն բավարարել Լանջային փողոցի ասֆալտապատման համար և այնտեղ 2018թ.  իրականցվել են հողային հարթեցման և խճալցման աշխատանքներ, ինչպես նաև  համայնքային բյուջեի միջոցներով իրականացվել են   ջրահեռացման համակարգի շինարարական աշխատանքներ:

Տեսանյութում նշվում է նաև, որ վանաձորցի մի խումբ վարորդներ, դժգոհելով փողոցների վիճակից, որոշել էին բողոքի երթ անցկացնել, սակայն գործը  բողոքի գործողություններին չհասավ: Մամիկոն Ասլանյանը, տեղեկանալով երթի մասին, հաջորդ օրը հանդիպեց նրանց հետ,  ապա և գրառում կատարեց «Ֆեյսբուք»-ի իր էջում` նշելով, որ մինչև 2018 թ. սեպտեմբերի վերջ կհիմնանորոգվեն տասնյակ փողոցներ`Չերկասի, Մաշտոցի, Սասունցիների փողոցները և Շինարարների-Իսահակյան-Ներսիսյան փողոցները միացնող հատվածը, Վերածննդի, Փարաջանովի, Մալաթիայի, Լազյան, Մոսկովյան և Շիրակացի փողոցները:

Տեղեկացնենք, որ այժմ նշված փողոցների հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են  և ըստ պայմանագրի, պետք է ավարտվեն  մինչև 2018թ. հոկտեմբերի 12-ը:

You May Also Like