Մայիսի 18-ին աշխարհում նշում են Թանգարանների միջազգային օրը: 1978 թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը։ Ամենամյա միջոցառումն այս տարի կրում էր «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը: Վանաձորի թանգարանները մշտապես քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ուշադրության կենտրոնում են: Տոնական օրը «Լոռի-Փամբակի» երկրագիտական թանգարանի, Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի և Ստեփան Զորյանի տուն-թանգարանի աշխատակիցներին հյուրընկալվեց Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, ով հանդես եկավ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքով և քաղաքապետի անունից ծաղիկներ և շնորհավորագրեր հանձնեց թանգարանների աշխատակիցներին: Դրանցում մասնավորապես ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Թանգարանների օրը տոն է ոչ միայն թանգարանների աշխատակիցների, այլև արվեստասեր հասարակության համար և հրաշալի առիթ ևս մեկ անգամ հաղորդակցվելու մտքի, իմաստության, գեղեցիկի, խորհրդավորի, կյանքի հավերժական ու մնայուն արժեքների հետ: Թող մշտապես հարուստ ու վառ լինի թանգարանների կյանքը, քանզի այն մաքրում, իմաստավորում և հարստացնում է հոգին: Բոլորիդ մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ, երջանկություն՝ կյանքում, նվաճումներ՝ աշխատանքային գործունեության մեջ»: