Հունիսի 14-ին Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրել էր ընդլայնված խորհրդակցություն, որին ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի տարբեր բաժինների ղեկավարներ, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի և Բազումի բաժինների ղեկավարները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի պետը:
Քաղաքապետն ուշադրություն հրավիրեց մի շարք առաջնահերթությունների վրա: Ամառվա ընթացքում գյուղմթերքի վաճառքը փողոցներում ավելի ակտիվ և չկանոնակարգված է դառնում: Ներգործության վարչական միջոցներ կան, սակայն քաղաքապետարանն աշխատում է այնպես անել, որ քաղաքացիները մտնեն կանոնավոր դաշտ և առևտուրը կազմակերպեն միայն թույլտվություն ունեցող վայրերում: Քաղաքի տարբեր հատվածներում տարերայնորեն առևտրի կետեր են առաջանում, որոնք քաղաքի արտաքին տեսքի, մայթերի երթևեկի և քաղաքի տնտեսության վրա ազդում են: Այն քաղաքացիներն, ովքեր պարտաճանաչ վճարում են իրենց տեղական տուրքերն ու հարկերը, պետության հանդեպ կատարում են իրենց պարտավորությունները և նրանք, ովքեր չեն կատարում այդ պարտավորությունները, հայտնվում են ոչ իրավահավասար դաշտերում: Մամիկոն Ասլանյանը զգուշացրեց՝ ովքեր չեն ենթարկվի օրինական պահանջին, նրանց հանդեպ կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ:
Երեկոյան ժամերին քաղաքի կենտրոնական հատվածներում մեքենաներ են կայանում, միացնում են բարձր երաժշտություն, ինչը բնակիչների և քաղաք ժամանած հյուրերի համար անհարմարություններ է առաջացնում: Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ երթևեկությունը սահմանափակող ավելի կայուն միջոցներ են կիրառվելու, պարզապես, քանի որ դրանք ավելի լուրջ ծախսեր են պահանջում, առայժմ սահմանափակումները կիրականացվեն միայն ոստիկանության հետ համատեղ և համայնքապետարանի ունեցած տեխնիկական միջոցներին համապատասխան: Հայքի հրապարակում, Արցախ պուրակում, արհեստական լճերի շրջակայքում ուժեղացված ծառայություններ կիրականացվեն, որպեսզի քաղաքացիներն ու հյուրերը իրենց պաշտպանված և հասարակական կարգի նկատմամբ վերահսկողություն իրականացված տեսնեն:
Հանրապետության խոշոր քաղաքներից Երևանում և Գյումրիում ներդրվել է հրապարակների շրջանաձև երթևեկության կարգը, ըստ որի առաջնահերթությունը տրվում է շրջանաձև երթևեկության մեջ գտնվողին: Փորձը կիրառվելու է նաև Վանաձորում: ՃՈ պետի հետ մինչ այս քննարկումներ եղել են, կարճ ժամկետներում ՃՈ առաջարկությունների հիման վրա կներկայացվի նպատակահարմարությունը: Պետք է միասնական մոտեցում ցուցաբերել բոլոր վայրերում, որտեղ կա շրջանաձև երթևեկություն, մասնավորապես՝ Թումանյան, Լոռվա և Շահումյան հրապարակներում: Հայքի հրապարակում չի կիրառվի, քանի որ ավելորդ ծանրաբեռնվածություն կառաջանա: Երթևեկությունն այստեղ շրջանաձև չէ: Թեև շրջանաձև երթևեկության որոշակի տարր առկա է, սակայն այստեղ ավելի շատ փոխադարձ զիջման և նշաններով կարգավորման խնդիր կա: Սկզբնական շրջանում վարորդների համար պետք է իրականացնել իրազեկման աշխատանքներ:
Վանաձորում կա նաև ճանապարհային երթևեկության նշանների խնդիր: ՃՈ-ի հետ համատեղ գույքագրում է կատարվելու, թե ինչ քանակությամբ և ինչ տեսակի նշաններ են պետք, որպեսզի դիմեն կառավարություն՝ ստանալու նպատակով: Քաղաքի միջոցներով գլոբալ խնդիրները լուծել հնարավոր չէ:
Անդրադարձ կատարվեց երթուղային ծառայությունների սպասարկման որակին, վարորդների տեսքին, աշխատանքային ժամերին: Առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի պետին համայնքի ղեկավարը հանձնարարական է տվել՝ երթևեկությունը կազմակերպող ընկերությունների տնօրենների հետ հանդիպում կազմակերպելու նպատակով, որպեսզի նրանք հետևողական լինեն կարգուկանոնին, վարորդների վարվեցողությանն ու հանդերձանքին: «Վարորդները բնակչության սպասարկմանը հարիր վարք և արտաքին տեսք պետք է ունենան, զերծ մնան ծխելուց և բարձր երաժշտություն միացնելուց, ինչպես նաև երթևեկության կանոնների նկատմամբ ունենան բացառիկ վերաբերմունք: Նրանք փողոցներում հաճախ առաջացնում են արհեստածին խցանումներ, կանգառ են կատարում չսահմանված վայրերում: ՃՈ-ի հետ համատեղ վերահսկողութունը կուժեղացվի: Եթե մենք հավակնում ենք Վանաձորը զբոսաշրջային քաղաք դարձնել, ապա պիտի ուշադրություն դարձնենք բնակչությանը մատուցվող բոլոր ծառայությունների մակարդակին»,-ասաց քաղաքապետը:
Քննարկվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման հարցը: Մայիս ամսին որոշակի անկում է նկատվել: Այն պայմանավորված է եղել նաև երկրում տեղի ունեցող իրադրության փոփոխությամբ: Բայց հիմա աշխատում ենք բացթողումները վերականգնել: Պատկերը հստակ կլինի հունիսի վերջին՝ եռամսյակն ամփոփելիս: