Ծխախոտի վաճառքով զբաղվող իրավաբանական անձինք պարտավոր են խստորեն պահպանել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների» մասին ՀՀ օրենքի պահանջները և հետևել դրանով սահմանված վաճառքի սահմանափակումներին․
Ծխախոտային արտադրատեսակների իրացման սահմանափակումները
1.Ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է`
1) 18 տարին չլրացած անձանց.
2) 18 տարին չլրացած անձանց կողմից.
3) բաց տուփերով կամ հատով.
4) առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վայրերի, որտեղ անչափահասների մուտքն արգելվում է.
5) առողջապահական, կրթական, մանկական, դաստիարակչական հաստատություններում, մարզական դահլիճներում, համալիրներում, մարզադաշտերում և առողջարաններում.
6) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ակցիզային դրոշմանիշի.
7) եթե ծխախոտի արտադրանքի տուփի վրա չի նշված քանակը (համապատասխանաբար՝ հատերով կամ գրամներով).
8) եթե տուփի վրա փակցված չէ ծխախոտում թունավոր բաղադրիչների պարունակության ծավալը (նիկոտին, խեժ), կամ դրանց պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանաչափը.
9) եթե տուփի վրա զետեղված չէ ծխելու վնասակարության մասին լիազորված մարմնի հաստատած նախազգուշացումը.
10) եթե ապրանքային նշանը կեղծված է, կամ ապրանքների արտադրությունը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
2.Ծխախոտի վաճառքի բոլոր կետերում` դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից տարածքներում, տեսանելի մասում պարտադիր փակցվում են հետևյալ նախազգուշացումները.
1) 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում.
2) լիազորված մարմնի զգուշացումները` մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ:
3.Ծխախոտային արտադրատեսակների իրացմամբ զբաղվող բոլոր անձինք ծխախոտային արտադրատեսակների վաճառքն իրականացնելիս 18 տարեկանից ցածր արտաքին տեսք ունեցող քաղաքացիներին պարտավոր են ծխախոտ չվաճառել։
Եթե գնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, վարորդական իրավունքի կամ զինվորական ծառայության վկայական), ապա միայն այդ դեպքում ծխախոտային արտադրատեսակի իրացմամբ զբաղվողը կարող է կատարել ծխախոտի վաճառք։
Հիշեցնենք նաև , որ ծխախոտային արտադրատեսակների իրացումը կազմակերպելիս անհրաժեշտ է խուսափել ծխախոտային արտադրատեսակի կեղծ, մոլորեցնող բնութագրի, առողջության վրա ծխախոտի ազդեցության, վտանգների կամ արտազատվող նյութերի մասին ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու միջոցով (ներառյալ՝ նկարագրությունը, առևտրային պիտակը, խորհրդանիշը կամ այլ նշաններ, արտադրատեսակի պակաս վնասակարությունը և այլն) ծխախոտային արտադրատեսակի վաճառքից:
Զգուշացմանը կից ներկայացված է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների» մասին ՀՀ օրենքի պահանջների խախտումով վաճառքի հայտնաբերված օրինակ՝ նկարով։
Վանաձորի համայնքապետարան