Երեխաների պաշտպանության միջազգային օրը Վանաձորում նշվեց մեծ շուքով

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, Վանաձորի համայնքապետարանը իսկական տոն պարգևեց փոքրիկներին: Վաղ առավոտից տոնական տրամադրություն էր Վանաձորի այգիներում, պուրակներում և մշակութային հիմնարկներում: Երաժշտություն, փուչիկներ և մուլտհերոսներ .Վանաձորի փողոցներում իսկական տոնական մթնոլորտ էր: Տոնական օրվա շրջանակներում Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ շրջեց և մասնակցեց մշակութային տարբեր հաստատություններում իրականացվող միջոցառումներին: Միջոցառումների շրջանակում համայնքի ղեկավարը եղավ Վանաձորի կերպարվեստի թանգարանի բակում, որտեղ մասնակցեց մանկապատանեկան համույթների և անհատ կատարողների ելույթներին: Մամիկոն Ասլանյանը հանդես եկավ ողջույնի և շնորհավորանքի խոսքով: Հաջորդ կանգառը Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տունն էր, որի բակում ևս տոն էր: Ուրախ տրամադրության հեղինակներն այս անգամ մշակույթի տան սաներն էին: Համայնքի ղեկավարը նաև շրջեց մշակույթի տան դասասենյակներում:
Տոնական միջոցառում էր նաև Հայքի հրապարակում: Մանուկների համար հնչում էր ուրախ երաժշտություն, փոքրիկները կավճանկարների միջոցով պատկերում էին մայրիկին, արև և այն, ինչը նրանց աշխարհը գույներով է լցնում, նրանց համար հնչում էր նաև թումանյանական հեքիաթների ձայնագրություն՝ դերասան, ասմունքող, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սուրեն Քոչարյանի ընթերցմամբ:
Տոնական օրվա առթիվ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը «Օրրան» բարեգործական կազմակերպության սաների համար կազմակերպել էր տոնական միջոցառում, որի ընթացքում երեխաներին իրենց ելույթներով ուրախություն պարգևեցին մուլտհերոսները, օրը շարունակվեց տոնական խնջույքով:
Օրվա գլխավոր միջոցառումը կրկին Հայքի հրապարակում էր: Մասնակցեցին Վանաձորի մանկապատանեկան պարային և երգի համույթները, անհատ կատարողներ:

You May Also Like