Ապրիլի 7-ին Լոռու մարզում էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Պյոտր Սվիտալսկին՝ տիկնոջ Աննա Սվիտալսկայի հետ: ՀՀ կառավարության առաջարկությամբ Լոռու մարզն, ի թիվս հանրապետության երեք մարզերի, ընդգրկվել է Եվրոպական միության 2018թ.-ի տարեկան գործողությունների ծրագրում: Վանաձորում դեսպանը մի շարք հանդիպումներ ունեցավ: Նա ՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց նաև Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարան, ծանոթացավ թանագարանի գործունեությանը, խնդիրներին և ձեռքբերումներին, ապա այցելեց Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն։ Հյուրերին դիմավորեցին ավանդական աղ ու հացով ու ժողովրդական պարով։ Դեսպանը ծանոթացավ մշակույթի տան գործունեությանը, գործող խմբակներին, ողջունեց երեխաներին, տեղեկացավ նաև շենքային պայմանների մասին։ Դեսպանը գնահատեց մշակույթի տան դերակատարումը քաղաքի մշակութային կյանքի ակտիվացման դժվարին գործում և մաղթեց նորանոր ձեռքբերումներ։ Հյուրերը վերջում եղան Վանաձորի բուսաբանական այգում: Ծանոթացան այգու վիճակին և հնարավորություններին: