«Ես և շրջակա միջավայրը»-ը. դասընթաց ուսուցիչների և դաստիարակների համար


Սեպտեմբերի 28-29-ը Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ես և շրջակա միջավայրը» երկօրյա դասընթաց, որը նախատեսված էր դպրոցների ուսուցիչների և մանկապարտեզների դաստիարակների համար: Նախաձեռնության հեղինակները ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, GIZ-ը և Վանաձորի համայնքապետարանն էին: Դասընթացին մասնակցում էր 21 ուսուցիչ և դաստիարակ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց. «Ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի աղբահանության ոլորտում մունիցիպալ կառավարման հետ կապված մեր լիազորությունը նույնպես կարողանանք ավելի պատշաճ մակարդակով կատարել: Շնորհակալություն GIZ-ին՝ ֆինանսական աջակցության, ինչպես նաև ուսուցիչների համար ձեռնարկների պատրաստման ընթացքում հետաքրքիր և արդյունավետ առաջարկների համար»:
Դասընթացավարները մասնակիցների հետ միասին ծավալեցին քննարկում, վեր հանեցին խնդիրները, խոսեցին տվյալ դասընթացը դպրոցներում անցկացնելու անհրաժեշտության մասին: Ուսուցանվեց, թե ինչ է թափոնը, որոնք են դրա տեսակները: Խաղերի միջոցով մասնակիցները թափոնները դասակարգեցին՝ ըստ տեսակների, ապա նրանց ներկայացվեցին թափոններից առաջացող խնդիրներն ու բարդությունները, թե ինչ է թափոնների կայուն կառավարումը, դրանց նվազեցումը, վերաօգտագործումը և վերամշակումը:
Նշենք, որ «GIZ Հայաստան»-ի «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակում Ռեգեն երկրամասի հետ Վանաձորը համագործակցում է աղբահանության ոլորտում: Այդ շրջանակում 2018թ.-ի հունիսին ճանաչողական այցով Վանաձորի պատվիրակությունը ուսուցողական այցով մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որի արդյունքում որոշվել է Վանաձորի կրթական հաստատություններում իրականացնել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրեր, որոնցից մեկն էլ լինելու էր թափոնների կառավարման վերաբերյալ Վանաձորում անցկացվելիք ուսուցիչների և դաստիարակների վերապատրաստումը: Սեպտեմբերի 10-ին փոխադարձ այցով Վանաձոր ժամանեց Ռեգեն երկրամասի պատվիրակությունը: Հանդիպման արդյունքում վերահաստատվեցին պայմանավորվածությունները, որոնք շուտով անցան գործնական փուլի:
Դասընթացի վերջում մասնակիցներին, ստացած գիտելիքներից բացի, տրվեցին նաև ձեռնարկներ, որոնցով նրանք հետագայում կուսուցանեն երեխաներին:

You May Also Like