Փետրվարի 1-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում կազմակերպված «Ես և շրջակա միջավայրը» դասընթացի մասնակիցների վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը: Ներկա էին նաև կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը և զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլիա Դավթյանը: Վկայագրերի հետ մասնակիցները ստացան նաև թեմատիկ պատի թերթեր, օրացույցեր, տեղեկատվական թերթիկներ և ուսուցողական նյութեր, որոնց միջոցով աշակերտների մեջ կսերմանվի շրջակա միջավայրը մաքուր պահելու և քաղաքակիրթ աղբահանության մշակույթ: Ուշադրություն գրավելու նպատակով կազմակերպիչները դրանք պատկերազարդել են մուլտիպլիկացիոն հերոսներով: Դասընթացը նախատեսված էր դպրոցների ուսուցիչների և մանկապարտեզների դաստիարակների համար: Նախաձեռնության հեղինակներն էին Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, JIZ Հայաստանը և Վանաձորի համայնքապետարանը: Վերապատրաստմանը 2018 թ.-ին մասնակցել է 70 ուսուցիչ և դաստիարակ: Դասընթացի ավարտին նրանց տրվել են նաև ուսումնական ձեռնարկներ:
«Մենք ուզում ենք, որ Վանաձորում իրականացվի պիլոտային ծրագիր, որով նախատեսվում է բացի պլաստմասե տարաներից, տեսակավորել նաև ստվարաթուղթը և ապակին: Այս ծրագիրը հիմք կհանդիսանա մեր հետագա քայլերի համար»,-ասաց Արտյոմ Գրիգորյանը: