«Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ». Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 59 տարեկան
Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 59 տարեկան: Հայրենանվեր ռազմական և քաղաքական գործչի, Հայաստանի և Արցախի ազգային հերոսի հիշատակի առջև ամեն տարի իր խոնարհումն է բերում հայ ժողովուրդը: Վանաձորում մարտի 5-ի առավոտյան Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև մարդաշատ էր: Ներկա էին Վանաձորի համայանքապետարանի և Լոռու մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետի և քաղաքապետի գլխավորությամբ, Գուգարաց թեմի առաջնորդը, երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային և Վանաձորի տարածքային կառույցների ներկայացուցիչները, N զորամասի զինվորները՝ սպայական կազմի ուղեկցությամբ, Լոռու մարզի փրկարարական վարչության աշխատակիցները և Սպարապետի գործն ու պետականաշինության մեջ ունեցած ավանդը գնահատող բազմաթիվ վանաձորցիներ: Նախ հնչեց Հայաստանի Հանրապետության, ապա երկրապահ կամավորականների օրհներգը, որից հետո տեղի ունեցավ պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը: ԴՕՍԱՖ-ի նախագահ Խաչիկ Բալայանն ընթերցեց Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խոսքը, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպարապետի հիշատակը, պարային ելույթներով հանդես եկավ «Հորովել» պարի մանակապատանեկան համույթը: վերջում ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
«Չի կարելի այս պատերազմում պարտվել, հատկապես երբ արդեն հաղթել ես»,-սա սպարապետի խոսքն է։ Այն այսօր էլ արդիական է թե՛ բանակաշինության, թե՛ պետականաշինության համար, որոնք ամենօրյա ջանք ու պայքար են պահանջում: Վազգենը անխախտ համոզմունք ուներ՝ անկախ երկրի յուրաքանչյուր հայորդու համար առաջնային պետք է լինեն անկախության, պետականաշինության, երկրի պաշտպանունակության բարձրացման և հզորացման խնդիրները:
Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ:
«Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա`ո՞վ է ինքը…»:
Վազգեն Սարգսյան