«Դպրոց-համայնք համագործակցություն» աշխատաժողով

Օրերս տեղի է ունեցել «Դպրոց-համայնք համագործակցություն» աշխատաժողովը, որով մեկնարկել է «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագիրը:
Աշխատաժողովին մասնակցել են Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Լատինական Ամերիկայի ծրագրերի գծով տնօրեն Լենա Ֆալկոնը, ՏԿԵ նախարարության, ՀՀ տարբեր համայնքների, դպրոցների ներկայացուցիչներ:
Վանաձոր համայնքից աշխատաժողովին մասնակցել են Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը, Վանաձոր թիվ 1 և Շահումյան բնակվայրի հիմնական դպրոցի տնօրենները։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջույնի խոսքում կարևորել Է ծրագրի մեկնարկը՝ ընդգծելով դպրոց-համայնք համագործակցության զարգացումը. «Դպրոցը, զարգացնելով իր գործառույթները, պետք է դառնա այն պատասխանատու կառույցը, որի շուրջ կարող են կազմակերպվել համայնքային կյանքի աշխուժացման մի շարք գործընթացներ: Այս համատեքստում կարևորում ենք դպրոցների՝ որպես համայնքային կենտրոններ գործելու հեռանկարը»:
Աշխատաժողովի նպատակն է ստեղծել դպրոց-համայնք ապագա համագործակցության նախադրյալներ, ինչպես նաև ներկայացնել կրթության և տեղական ինքնակառավարման ոլորտների զարգացման առաջնահերթությունները:
«ԴեաԼոԳ» ծրագիրն աջակցում է Հայաստանում կրթության ապակենտրոնացմանն ուղղված աշխատանքներին` համագործակցելով դպրոցների և համայնքների հետ:
Աշխատաժողովի ընթացքում «ԴեաԼոԳ» ծրագրի շրջանակում ՀՀ տասը համայնքների և «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» ընկերության (Շվեդիայի Տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) դուստր կառույց) միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Ըստ հուշագրի՝ համայնքապետարանները և դպրոցները կստեղծեն զարգացման միասնական օրակարգ և կսահմանեն դերեր և պարտականություններ՝ հաշվի առնելով տեղական կարիքները, բնակչության նախասիրությունները և պետության զարգացման մարտահրավերները, առաջնահերթությունները: «ԴեաԼոԳ» ծրագիրը մինչև ընթացիկ փուլի ավարտը նպատակային աջակցություն կտրամադրի համայնքապետարանների և դպրոցների կարողությունների բարձրացմանը՝ կազմակերպելով վերապատրաստումներ և սեմինարներ, համայնքների միջև փորձի փոխանակումներ և այլն:

You May Also Like