Գրադարանավարի օրը Վանաձորում նշվեց մեծ հանդիսավորությամբ

Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի հարկի տակ տոնական օրը համախմբվել էին գրադարանների աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ընթերցասեր վանաձորցիներ և մտավորականներ:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանների կենտրոնացված համակարգի փոխտնօրեն Տաթև Աղաբաբյանը:
Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Գրադարանավարի աշխատանքը նվիրյալ աշխատանք է: Ես անկեղծորեն զարմանում եմ, թե ինչպես եք այսքան փոքր վարձատրությամբ ահռելի աշխատանք կատարում, սերունդներին փոխանցում ընթերցանության հանդեպ սեր: Այսօր համայնքապետարանը լուրջ անելիքներ ունի այս բնագավառում, և այն մեր ուշադրության կենտրոնում է: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել համակարգի տնօրեն՝ բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանին՝ մաղթելով առողջություն և աշխատանքային բազմաթիվ հաջողություններ»: Արտյոմ Գրիգորյանը Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի անունից գրադարանային համակարգի կոլեկտիվներին հանձնեց շնորհավորագրեր, իսկ գրադարանների մի խումբ աշխատակիցներ ստացան պատվոգրեր և ծաղիկներ:
Գրադարանների աշխատակիցներին շնորհակալագրեր շնորհվեցին նաև Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրինության կողմից: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ տնօրեն Խորեն Գասպարյանը. «Բոլորս էլ փոքր հասակից առնչվում ենք գրքին, գրականությանը: Առանց գրքի անհնար է պատկերացնել մարդկության ապագան: Այն ազգերը, որոնք չար դիպվածով վերացել են, նրանք պատմության մեջ մնացել են իրենց թողած գրական ժառանգությամբ: Ժողովուրդներն այնքանով են քաղաքակիրթ, որքանով կարողանում են իրենց ժառանգությունը փոխանցել սերունդներին: Կրկին շնորհավորում եմ ձեզ, գրադարանների սիրելի աշխատակիցներ և մաղթում հաջողություններ»:
Օրվա պաշտոնական մասին հաջորդեց մշակութային հատվածը: Հնչեցին երգեր, երաժշտություն և ասմունք:

You May Also Like