Ապրիլի 6-ին Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ Գուգարաց Թեմի
Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի օրհնությամբ և Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր
Նարեկացի եկեղեցու բակում տեղի ունեցավ տոնական համերգ: Բացման խոսքով հանդես եկավ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը. «Հուսով եմ, որ շնորհավորանքների հետ կտանեք նաև արժեքների ամուր պահպանելու կարողությունը և կսերմանեք ձեր շրջապատում, որովհետև փոքրիկ բանակով շատ բան անել հնարավոր չէ, այլ ամենքդ պետք է լծվեք մայրության զորությունն ու սրբությունը բարձրացնելու կարևորագույն կոչմանը, որ այսօր այնքան անհրաժեշտ է»: Կանանց շնորհավորեց և Վանաձորի քաղաքապետի բարեմաղթանքն ու շնորհավորանքը փոխանցեց Վանաձորի քաղաքապետի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը. «Սիրելի հայուհիներ, որքան էլ բարեմաղթանանքեր հղենք, մոր համար լավագույն նվերը արժանի զավակներ ունենալն է: Մաղթում եմ, որ մշտապես շրջապատված լինեք հոգատար և նվիրված զավակներով: Հայ կինը, մայրը օջախի պահապանն է, մշտարթուն սերն ու լույսը: Երջանիկ ապրեք, սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր»:
Միջոցառմանը ելույթ ունեցան Հայորդաց տան և մշակույթի տների սաները: Հնչեցին բազմաթիվ բարեմաղթանքներ, երգ, պար, ասմունք: Շնորհավոր ձեր տոնը, թանկագին հայուհիներ: