Բացվեց հերոս Զորիկ Գևորգյանի հուշատախտակը
Օգոստոսի 2-ին Նարեկացի 6 հասցեում հանդիսավորությամբ բացվեց հետախույզ, հրամանատար Զորիկ Գևորգյանի հուշատախտակը:
Նախաձեռնության հեղինակը Զորիկի պապն էր, ում մահվան 40-րդ օրը տեղի ունեցավ հուշատախտակի բացումը: Այս օրը նաև Զորիկի զոհվելու օրն է: Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի աջակցությամբ և ավագանու որոշմամբ Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի նախագծով պատրաստված հուշատախտակի հանդիսավոր բացմանը ներկա էին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, քաղաքապետարանի տարբեր բաժինների պետեր, ավագանու անդամներ, Զորիկ Գևորգյանի ընտանիքի անդամները, նրա ընկերներն ու հարազատները:
Հնչեց ՀՀ պետական օրհներգը, ապա օրհնության խոսք ասաց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: «Սա լինելու է հիշատակի վկայություն ոչ միայն մահվան, այլև հատկապես կյանքի մասին: Ինձ համար այսօր հիշատակն արժևորելու օր չէ միայն, այլև կյանքը փառաբանելու: Զորիկը ինքնազոհության գնաց՝ հանուն մեր այսօրվա խաղաղ կյանքի»,- ասաց սրբազան հայրը:
Քաղաքապետի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը փոխանցեց Մամիկոն Ասլանյանի խոսքը, մասնավորապես նշելով. «Ինչպես այսօր, այնպես էլ ապագայում մենք փառքով և պատվով հիշում և հիշելու ենք հայոց աշխարհի այնպիսի փառապանծ հերոսի, ինչպիսին է մեր Զորիկ Գևորգյանը: Կարդալով և լսելով Զորիկի սխրագործությունները՝ մենք բոլորս հասկանում ենք, որ նրա գործն անմահ է և ուսանելի այսօրվա և վաղվա սերունդների համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Զորիկի ծնողներին, որ այդպիսի հերոս են դաստիարակել, հայրենասիրություն սերմանել , որ նա նույնիսկ իր կյանքը չխնայեց մեր հայրենիքի սահմանների պաշտպանության համար: Փառք ու պատիվ և համբերություն ձեզ»:
Հերոսի ընտանիքին Մարտակերտի զորամասի հրամանատարության և մարտական ընկերների շնորհակալության և ցավակցության խոսքերը փոխանցեց ծառայակից ընկերը՝ մայոր Արմեն Գրիգորյանը, ով հիշեց նաև մարտական գործողությունների մանրամասները. «Զորիկի հերոսությունն անհետևանք չմնաց: Դրան հաջորդեցին ապրիլյան գործողությունները: Զորիկի հերոսությունը նախադեպ դարձավ մյուս հերոսների համար: Զորամասում տեղադրված է նաև Զորիկի խաչքար-հուշարձանը: Խոնարհվում եմ նրա հիշատակի առաջ»:
Զորիկ Գևորգյանը զոհվել է 2014թ. օգոստոսի 1-ի, լույս 2-ի գիշերը՝ ադրբեջանական զորքերի հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս։ Զորիկ Գևորգյանի և Սարգիս Մովսիսյանի անօրինակ սխրանքի շնորհիվ՝ ձախողվեց թշնամու նախօրոք մշակված ռազմական պլանը։ Նրանց վարած մարտի շնորհիվ՝ հանկարծակիի եկած թշնամին, կորուստներ տալով, նահաջեց։ Նույն գիշեր թշնամու դիվերսիոն հարձակում տեղի ունեցավ նաև Մարտունու ուղղությամբ։ Նշված երկու մարտերի ընթացքում թշնամին ունեցավ 8 զոհ և շուրջ տասնյակ վիրավոր։ Ապահովվեց Հայաստանի հաղթանակն օգոստոսյան պատերազմում։