2018 թվականը խորհրդանշական է թե՛ Հայաստանի, թե՛ Լիտվայի հանրապետությունների համար: Երկու ժողովուրդներն էլ նշում են առաջին հանրապետությունների անկախության 100-ամյակը: Հոբելյանական տարվա միջոցառումների գեղեցիկ մեկնարկը Վանաձորում տվեց Կոմիտասի անվան արվեստի դպրոցը՝ Լիտվայի Կաունասի Միկո Պետրաուսկոյի անվան երաժշտական դպրոցի հետ համատեղ համերգներով, որոնք կրում էին «Բարեկամության կամուրջներ» խորագիրը: Վանաձորյան միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստասեր բազմաթիվ Վանաձորցիներ: Երեկոյի սկզբում նախ հանդիսատեսը հոտնկայս ունկնդրեց երկու հանրապետությունների օրհներգերը՝ դպրոցի երգչախմբի կատարմամբ: Նույն ժամին միաժամանակ համերգ էր տեղի ունենում Լիտվայի Կաունասի Միկո Պետրաուսկոյի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում, որին ուղիղ տեսակապով մասնակից եղավ նաև վանաձորցի հանդիսատեսը: Ի նշան բարեկամության՝ լիտվացիները կատարում էին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, իսկ Վանաձորում հայերը կատարում էին լիտվացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Տեսակապի ընթացքում երկու դպրոցների տնօրենները հանդես եկան ողջույնի խոսքերով: Կոմիտասի անվան արվեստի դպրոցի տնօրեն Վարդան Դոլմաջյանը մասնավորապես ասաց. «Արվեստը սահմաններ չունի, և տարածությունն ու լեզուն արգելք չեն՝ միմյանց հետ շփվելու համար»: Կաունասի Միկո Պետրաուսկոյի անվան երաժշտական դպրոցի տնօրենը, առաջին երաժշտական դաշնամուրային-երաժշտական փառատոնին մաղթելով բարի ընթացք, հույս հայտնեց, որ երկու դպրոցների միջև համագործակցությունը կվերածվի բարեկամության: Փառատոնի ընթացքում կատարվեցին լիտվացի կոմպոզիտորների դասական և ժողովրդական ստեղծագործություններից, ներկայացվեց երկու երկրների անկախության կերտման և բարեկամության հաստատման պատմական ուղին, ցուցադրվեց Հայաստանի առաջին հանրապետության մասին փաստագրական ֆիլմ։ Վերջում Վարդան Դոլմաջյանը խորհրդանշական հուշանվերներ հանձնեց Լիտվայի դեսպանին և դեսպանատան ներկայացուցիչներին, փառատոնի նախաձեռնության համահեղինակ, Միկո Պետրաուսկոյի անվան երաժշտական դպրոցի դասատու Լուսինե Սարգսյանին։ Նվերներով էր ժամանել նաև դեսպանը, ով Վարդան Դոլմաջյանին հանձնեց լիտվացի արվեստաբան, գրող եւ դիվանագետ Յուրգիս Բալտրուշայտիսի «Արաքսի ափին գտնվող Ջուղան եւ նրա հուշարձանները» գրքի հայերեն տարբերակը։ Նրա խոսքով, շատ կարեւոր է, երբ երկու ազգերը, որոնք միասին են դեռեւս միջնադարյան ժամանակներից, միասին են նաեւ հիմա: Իմ երազանքն է, որպեսզի մարդիկ իմանան այդ մարդու մասին, որը փաստացի միակ օտարերկրացին էր, որը կարողացել է լինել այդ վայրում եւ եզակի լուսանկարներ անել»,- ասաց դիվանագետը: Գիրքը նվեր ստանալով՝ Դոլմաջյանն այն դեսպանի թույլտվությամբ հանձնեց Գուգարաց թեմի առաջնորդին, ով անդրադարձավ երկու հպարտ ժողովուրդների բարեկամության հատկապես երկրորդ հանրապետությանը նախորդող շարժմանը։ Համերգն ավարտվեց Էդուարդ Կզարթմյանի «Հայաստան» երգով։