Բարեգործական մարաթոն՝ Հայքի հրապարակում


Հուլիսի 1-ին Վանաձորի Հայքի հրապարակից մեկնարկեց բարեգործական կիսամարաթոն (վազքի մարաթոն): Մարաթոնի նպատակն էր լրացնել Վանաձորում 2011թ.-ին հիմնած և մինչ օրս ակտիվ գործող «Փոքրիկ իշխան» երեխաների խնամքի ցերեկային կենտրոնի ծրագրային ֆինանսական բացը: Մարաթոնի աջակիցն էր Վանաձորի համայնքապետարանը։ Վազքարշավին ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, «Փոքրիկ իշխան» երեխաների խնամքի ցերեկային կենտրոնի և «Հայկական կարիտաս» ԲՀԿ տնօրինությունը, բազմաթիվ վանաձորցիներ։
Մարաթոնին մասնակցեցին 7 տարեկան և բարձր բոլոր տարիքային խմբերի երեխաները, որոնց թվում էին Վանաձորի մանկատան 27, Վանաձորի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի 13 երեխաներ, Վանաձորի համայնքապետարանի ենթակա սպորտդպրոցների աշակերտներ, հանրապետության տարբեր մարզերից ժամանած երեխաներ։ Առաջին 300 մասնակիցները մարաթոնի ավարտին, ի թիվս բազմաթիվ նվերների, ստացան նաև թեմատիկ շապիկներ, հաղթողներն արժանացան մեդալների։
Նշենք, որ «Փոքրիկ իշխան» կենտրոնի նպատակն է ինտեգրել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ տրամադրելով սոցիալական և հոգեբանական ծառայություններ, խթանելով առողջ ապրելակերպ և անցկացնելով կրթական և կյանքի հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներ, որոնցից տարեկան օգտվում են ավելի քան 100 երեխաներ և նրանց ընտանիքների անդամներ:

You May Also Like