Ավարտվեց Վանաձոր քաղաքի ֆուտզալի գավաթի խաղարկությունը
Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, ս/թ փետրվարի 1-7-ը Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի խաղադահլիճում անցկացվել է 16-ից մինչև 18 տարին լրացած ավագ դպրոցների, քոլեջների, վարժարանների պատանիների ֆուտզալի գավաթի խաղարկություն: Մասնակցության հայտ էին ներկայացրել 8 թիմ, որոնք մրցեցին շրջանաձև սկզբունքով:
Պարգևատրմանը ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը: Արկադի Փելեշյանը ողջունեց առաջնության մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց Գևորգ Մացակյանին՝ կատարած աշխատանքի համար և մասնակիցներին մաղթեց բարի երթ:
Ֆուտզալի գավաթի խաղարկությունում առաջին տեղ է գրավել Թիվ 11 ավագ դպրոցի թիմը, 2-րդ տեղ` Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի թիմը, 3-րդ տեղ` Թիվ 10 ավագ դպրոցի թիմը:
Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված գավաթներով, մեդալներով և պատվոգրերով, իսկ 5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող, ռմբարկու և դարպասապահ, պարգևատրվել են հուշանվեր արձանիկներով և պատվոգրերով:
Լավագույն դարպասապահ է ճանաչվել Էրիկ Մարկոսյանը (N11 ավագ դպրոց),
լավագույն պաշտպան ` Տիգրան Էհտիբարյանը (Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ),
լավագույն կիսապաշտպան `Դավիթ Գուսենկոն (Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ),
լավագույն հարձակվող` Արտուշ Գևորգյանը (N 10 ավագ դպրոց),
լավագույն ռմբարկու` Մարտին Սահակյանը (N 11 ավագ դպրոց):
Շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարներին, Բազումի ոստիկանության բաժնի աշխատակիցներին և Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի կոլեկտիվին: