Ավարտվեց պատանի երաժիշտ կատարողների «Կոմիտաս» ամենամյա հանրապետական մրցույթը

Պատանի երաժիշտ կատարողների «Կոմիտաս» ամենամյա հանրապետական մրցույթին այս տարի մասնակցում էր 11 համայնքի 14 երաժշտական և արվեստի դպրոցների 72 սան: Այն անցկացվեց հունիսի 7-ին և 8-ին Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում: 2 տարիքային խմբերում պատանիները լավագույն տեղի համար պայքարում էին  դաշնամուրային, լարային, փողային, ժողգործիքների, երգեցողության և երգչախմբային արվեստի անվանակարգերում: Մրցութային հանձնաժողովը կազմված էր համայնքային  մասնագիտական հիմնարկների և ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հանրապետության լավագույն մասնագետներից:

Վանաձորի համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթ-փառատոնը երկար տարիների պատմություն ունի, սակայն «Կոմիտաս» վերանվանվել է 2015թ.-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին: Տարիների ընթացքում մրցույթին մասնակցել են հանրապետության տարբեր մարզերից հազարավոր պատանիներ:

Հունիսի 8-ին տեղի ունեցավ մրցույթի շքահամերգը և պարգևատրման արարողությունը, որին ներկա էին Վանաձորի քաղաքապետի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը, բազմաթիվ արվեստագետներ և արվեստասերներ: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները որպես մրցանակ ստացան Կոմիտասի դիմաքանդակները և ծաղկեփնջեր: Խրախուսական տեղեր զբաղեցնողները պարգևատրվեցին պատվոգրերով և շնորհակալագրերով: Խրախուսման արժանացան նաև առաջին տեղերը զբաղեցրած մասնակիցների դասատուներն ու նվագակցողները, ինչպես նաև հաղորդավարները:

You May Also Like