Ավարտվեց պատանի երաժիշտ-կատարողների «Կոմիտաս» հանրապետական մրցույթ-փառատոնը

Պատանի երաժիշտ-կատարողների «Կոմիտաս» հանրապետական մրցույթ-փառատոնն այս տարի մեկնարկեց հունիսի 6-ին, Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում: Մասնակիցները 63 էին՝ հանրապետության 7 համայնքներից: Մրցութային փուլին մասնակցում էր նաև 12 երաժշտական դպրոց: Մրցույթն անցկացվում էր հետևյալ անվանակարգերում. դաշնամուրային բաժին, լարային բաժին, փողային բաժին, ժող. գործիքների բաժին, երգեցողության բաժին, երգչախումբ և համույթ: Յուրաքանչյուր անվանակարգի համար ընտրված ժյուրիի կազմերը նախագահում էին ՀՀ մշակույթի նախարարության մշակութային կրթության աջակցության հիմնադրամի Լոռու մարզային կառույցի մեթոդիստ Ռուզաննա Թորոսյանը, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Գոհար Զալինյանը, Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցի դասատու Նոռա Այվազյանը, Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դասատու, փոխտնօրեն Ներսես Եթիմյանը, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Մարինե Ասատրյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը և Վանաձորի կամերային երգչախմբի գեղ. ղեկավար Ռուզաննա Մխիթարյանը:
Հունիսի 7-ին տեղի ունեցավ մրցույթ-փառատոնի շքահամերգը և մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը: Շքահամերգի ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես եկան փառատոնի ընթացքում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները, ապա սկսվեց պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Առաջին կարգի մրցանակի արժանացան լավագույնս հանդես եկած շնորհալի 9 մասնակիցներ, երկրորդ տեղը զբաղեցրեց 7 մասնակից, 9 հոգի էլ երրորդ պատվավոր տեղում էին: 17 հոգի արժանացավ խրախուսական պատվոգրերի, 15 հոգի՝ մասնակցության համար պարգևատրվեց, պատվոգրերի արժանացան նաև փառատոնի մասնակից դպրոցները: Առաջին և երկրորդ տեղերի մրցանակները հանձնեցին Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը: Արման Բերնեցյանը մասնակիցներին և ներկաներին փոխանցեց համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորանքը և հանդես եկավ բարեմաղթանքի խոսքով. «Ես մի առիթով ասել եմ, որ այս միջոցառումն արդեն քաղաքացիություն է ստացել: Այս օրն ավելի խորհրդանշական է այն իմաստով, որ այս տարի Կոմիտասի 150-ամյակն է: Այս փառատոնն ուղերձ ունի, քանի որ երաժշտության ճանապարհը բռնած այս պատանիները, ովքեր վաղն իրենց հաստատուն տեղն են զբաղեցնելու Հայաստանի երաժշտական ասպարեզում, իրենց քայլերը սկսում են Կոմիտասից: Վստահեցնում եմ, որ Վանաձորի համայնքապետարանն ամեն ինչ անելու է, որ Վանաձոր քաղաքը տարածաշրջանային առումով մշակութային ուրույն դիմագիծ ունենա՝ օրինակ դառնալով մյուսների համար»:

You May Also Like