Վանաձոր համայնքի ավագանու սեպտեմբերի 14-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր 20 հարց, որոնք բոլորը հաստատվեցին ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Նիստին ներկա էին ավագանու ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ և ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները:
Առաջին հարցով Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարվեց 11.791.000 ՀՀ դրամի փոփոխություն, որի նպատակն է հիմնանորոգել Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի տանիքը՝ հետագա անվտանգ շահագործման համար:
Հաջորդ որոշմամբ էլ Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարվեց 5.622.000 ՀՀ դրամի փոփոխություն, որի շնորհիվ շրջանաձև երթևեկության համար կտեղադրվեն ճանապարհային նշաններ և կիրակաանցվի համապատասխան նշագծում՝ երթևեկությունն առավել անվտանգ դարձնելու նպատակով:
Որոշման մյուս նախագիծը վերաբերում էր համայնքի կարիքների համար տեսանկարահանող սարքերի ձեռքբերմանը և տեղադրմանը՝ 3 500 հազար դրամի շրջանակում:
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական սեփականության փոխանցելու մասին որոշումը ևս ներկայացվեց ավագանու հաստատմանը:
Հարցերից մեկով էլ ավագանին քննարկեց Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին համաձայնություն տալու մասին որոշումը:
Քվեարկության դրվեցին նաև թիվ 32 և թիվ 33 մանկապարտեզներին շինությունները և հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին որոշումների նախագծերը:
Հարցերից մեկը վերաբերում էր Զորավար Անդրանիկի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալուն: Նախագծով առաջարկվում էր Զորավար Անդրանիկի արձանի տեղադրման վայր ընտրել արհեստական լճի կանաչ գոտու եզրային մասը (Հովսեփանց կամրջից հյուսիս-արևելք):
Տիգրան Մեծի պողոտայի թիվ 47 շենքի պատին ՀՍՍՀ վաստակավոր ուսուցիչ, Հայրենական Մեծ Պատերազմի վետերան Սուրեն Սարգսի Բասենցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին էլ հաջորդ որոշումն էր:
Նկատի ունենալով Լոռու մարզում փողային երաժշտա-կատարողական արվեստի հիմնադիր, փողային նվագախմբի ղեկավար Հրաչյա Կլեկչյանի գործունեությունը, նրա ավանդն ու ներդրումը քաղաքի մշակութային կյանքում՝ Վանաձորի համայնքի «Թիվ 1 մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն ավագանու որոշմամբ անվանափոխվեց «Վանաձոր համայնքի Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ:
Նիստը վարողն առաջարկեց քվեարկությամբ որոշել Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը: Արդյունքում հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, ժամը 10:00-ին: