Ավագանու հերթական նստաշրջանի վերջին նիստում

Հունիսի 25-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու գարնանային նստաշրջանի վերջին նիստը: Ավագանու 33 անդամից ներկա էր 29-ը: Օրակարգում ընդգրկված էր 11 հարց: Մինչ դրանց անցնելը, համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը  և ավագանու անդամները շնորհավորեցին ավագանու նորընծա անդամներին, ինչպես նաև Լոռու մարզպետի պաշտոնը ստանձնած ավագանու նախկին անդամ Հրանտ Մարգարյանին: Նրա փոխարեն Վանաձոր համայնքի ավագանու ԲՀԿ խմբակցության կազմը համալրեց Հրաչիկ Ղամբարյանը: Այծեմնիկ Օհանյանի փոխարեն ավագանու պաշտոնը ստանձնեց Մարիամ Ապերյանը:

Համայնքի ղեկավարը, մինչև օրակարգին անցնելը ներակայացրեց նաև «Ինտերկապ» ՀԿ-ի կողմից նախաձեռնության վերաբերյալ հարցը  ավագանուն:  Կազմակերպության ջանքերով կերտվում է Զորավար Անդրանիկի արձանը, որը հետագայում, սահմանված կարգով,  կարող է տեղակայվի ավագանու որոշմամբ հատկացված տարածքում՝ նախապես հաստատված ճարատարապետական միջավայրի էսքիզի հիման վրա: Ավագանու անդամները և համայնք ղեկավարը տվեցին իրենց սկզբունքային համաձայնությունն ավագանու կանոնակարգին և քաղաքաշինական նորմերին համապատասխան  հետագայում քննարկել այդ հարցը  և տալ լուծում:

Ավագանին հաստատեց Տիգրան Կիրակոսյանին1 մլն դրամ աջակցություն հատկացնելու մասին որոշման նախագիծը, քանի որ նա 2017 թ.-ին նվաճել է սամբոյի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոնի տիտղոսը, դարձել աշխարհի գավաթակիր և 2018 թ.-ին Աթենքում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել է չեմպիոն:

Վանաձոր համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժոդովների կազմում ևս ավագանին փոփոխություն մտցրեց, ինչը պայմանավորված էր ավագանու կազմում կատարված փոփոխություններով: Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի կազմում Հրանտ Մարգարյանի փոխարեն ընդգրկվեց Հրաչիկ Ղամբարյանը, իսկ Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովում՝ Մարիամ Ապերյանը:

Որոշումների բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին ձայների ճնշող մեծամասնությամբ: Ավագանու հաջորդ  նստաշրջանի առաջին նիստը նախատեսված է սեպտեմբերի 14-ին:

You May Also Like