Մայիսի 30-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր 15 հարց, որոնցից կարևորը, որը հանրային հետաքրքրություն կարող է առաջացնել, վերաբերում էր Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարվող փոփոխություններին: Այդ փոփոխությունների արդյունքում հնարավոր է իրականացնել փողոցների կապիտալ վերանորոգում, բակերի և մայթերի կապիտալ նորոգում, ինչպես նաև աղբարկղների տարածքի ցանկապատում, փոքր աղբարկղների և նստարանների ձեռքբերում:
«40-60 տոկոսի սահմաններում կառավարությունը պետք է համաֆինանսավորեր իրականացվելիք ծրագրերը, սակայն, ելնելով իրավիճակից, համայնքային բյուջեից ենք այդ գումարները հատկացնում ասֆալտապատման, տեխնիկայի ձեռքբերման համար: Եթե կառավարությունն այս ընթացքում համաֆինանսավորման մասին որոշում կունենա, մեր գումարները կտնտեսվեն»,-պարզաբանեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Ավագանին հաստատեց նաև «Վանաձոր համայնքի Մ.Մատինյանի անվան թիվ 19 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ևս մեկ խումբ բացելու նախագիծը, որը զեկուցեց կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը: Մինչ այս մանկապարտեզը գործում էր 3 խմբով, որտեղ հաճախում է 115 սան: Ընդունելության համար գրանցված է 110 երեխա, ուստի մանկապարտեզն ուներ նոր խումբ բացելու անհրաժեշտություն: Անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են: Ավելացան դաստիարակի և դաստիարակի օգնականի մեկական հաստիքներ: Առհասարակ, թե զեկուցողը, թե ավագանու անդամները համակարծիք էին, որ Վանաձորում մի շարք մանկապարտեզներ աշխատում են գերծանրաբեռնված խմբերով: Ուստի հնարավորության դեպքում դրանց խնդիրները ևս կլուծվեն:
Օրակարգի մյուս հարցերը վերաբերում էին Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին
համաձայնություն տալուն, հողամասերը մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու և հողամասերի վարձավճարների մեկնարկային գներ սահմանելուն, Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և փոստային հասցե տրամադրելուն, Ալյոշա Խաչատուրի Բադյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը համաձայնություն տալուն:
Վանաձոր համայնքի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 25-ին։