Ավագանու հերթական նիստում

Փետրվարի 14-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում 14 հարց էր:
Մինչ օրակարգի հաստատմանն անցնելը տեղի ունեցավ համայնքային ծառայության մրցույթ անցած աշխատակիցների երդման հանդիսավոր արարողությունը: Օրակարգը հաստատելուց հետո ավագանին, ի թիվս այլ որոշումների, քննարկեց և հաստատեց Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 34թ հասցեում գտնվող «Կինոթատրոն Մոսկվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 2500.0 քմ մակերեսով հողամասը ետգնելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը: Ինչպես տեղեկացրեց համայնքի ղեկավար մամիկոն Ասլանյանը, դեռևս 2019 թվականից ինքն անձամբ բանակցություններ է վարել սեփականատիրոջ հետ, տարածքը փոխհատուցմամբ համայնքին վերադարձնելու առաջարկով: Ի վերջո, բանակցություններն ավարտվել են հաջողությամբ ևայժմ, օրենքով սահմանված ընթացակարգերի ավարտից հետո պուրակը կդառնա համայնքային սեփականություն : Հիշեցնենք, որ Վանաձորի Արցախ պուրակը, որի մեծ մասը դեռ 2006թ.-ին վաճառվել էր «Կինոթատրոն Մոսկվա» ընկերությանը, վերադարձվեց համայնքին: Համայնքը այն կգնի այնքան գումարով, որքանով վաճառել էր՝ 12 մլն 441 հազ դրամով: Արդյունքում քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կարվի, հողը կճանաչվի հուշարձանային, եւ այսուհետ որևէ մեկը պուրակի հանդեպ հավակնություններ չի կարող ունենալ:
Վանաձոր համայնքի ավագանու մեկ այլ որոշմամբ էլ Արջուտ համայնքի ավագանու ուղերձի և խնդրանքի հիման վրա 4 մլն դրամ կհատկացվի Արջուտ համայնքին սուբվենցիոն ծրագրով ներհամայնքային ճանապարհի վերանորոգման նպատակով, որպես աջակցություն համայնքային ներդրման մասով:
Օրակարգի բոլոր հարցերը, բացառությամբ մեկի, ավագանին հաստատեց: Վանաձոր համայնքի ավագանու հաջորդ հերթական նիստը տեղի կունենա մարտի 13-ին:

You May Also Like