Ավագանու հերթական նիստում

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վանաձոր համայնքի Ավագանու հերթական նիստը: 22 հարցից բաղկացած օրակարգը միաձայն հաստատելուց հետո Ավագանին անցավ հարցերի քննարկմանը:
Ի թիվս օրակարգային հարցերի՝ քվեարկության էր ներկայացված «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին կանոնակարգը հաստատելու մասին որոշման նախագիծը: Ապա «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանի առաջարկով և Ավագանու որոշմամբ հաստատվեց քանդակագործ Սերգեյ Դանիելյանին «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին նախագիծը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի առաջարկով Ավագանու որոշմամբ ինժեներ-շինարար Հայկ Հովիվյանին «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին նախագիծը և Վանաձորի պետական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան, կ.գ.դ., պրոֆեսոր Զ.Ս. Վարդանյանի առաջարկով Ավագանին քիմիկոս, գիտնական, ՎՊՀ «Քիմիա»-ի ամբիոնի վարիչ Հրաչիկ Ղազարյանին «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:
Օրակարգի հարցերից մեկով էլ Ավագանին հաստատեց Վանաձոր համայնքի ղեկավարին կից Վանաձոր համայնքի տարածքում հասարակական կարգով գործող 3 խորհրդակցական մարմինների կազմը: Դրանք են՝ Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների հարցերով խ/մ-ն, Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի խ/մ-ն, Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պահպանության և տրանսպորտի հարցերի խ/մ-ն:
Օրակարգում ներառված էին նաև «Վանաձոր համայնքի թիվ 32 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և «Վանաձոր համայնքի թիվ 34 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում խմբեր բացելու մասին նախագծերը, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու և հողամասերի վարձավճարների մեկնարկային գներ սահմանելու մասին, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին, Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին, Վանաձոր համայնքի տարածքում գտնվող հողը և տարածքը նվիրատվությամբ հանձնելու մասին որոշումների նախագծերը: Ավագանին քննարկեց և որոշումներ կայացրեց նաև օրակարգում ընդգրկված այլ հարցերի վերաբերյալ:
Օրակարգում ներկայացված բոլոր որոշումների նախագծերը Ավագանին հաստատեց, բացի 15-րդ հարցից: Վերջին հարցով որոշվեց Ավագանու հաջորդ հերթական նիստի օրը: Այն կանցկացվի նոյեմբերի 28-ին:

You May Also Like