Ճարտարապետության և քաղաքաշինության բաժինը:
Համայնքի ղեկավարն անդրադարձավ անցած տարվա ձեռքբերումներին և բացթողումներին, այդ թվում՝ քաղաքացիների հետ շփման և հարցումներին պատասխանելու թափանցիկության բարձրացմանը և յուրաքանչյուրի հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությանը՝ մասնավորապես ընդգծելով, որ բաժնի յուրաքանչյուր աշխատակցի աշխատանք չի կարող չանդրադառնալ մյուսների վարկանիշի վրա:
Քաղաքում իրականացվող շինարարական ծրագրերը ոգևորիչ են, սակայն մենք դրանցով չպետք է սահմանափակվենք, այլ պետք է ձգտենք ավելիին՝ մեր ամենօրյա աշխատանքով ապացուցելով, որ Վանաձորի համայնքապետարանը իր առջև դրված խնդիրները կատարում է հավուր պատշաճի:
Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը հանդես եկավ հաշվետու զեկույցով:
2019 թ.-ը աննախադեպ տարի էր քաղաքաշինության առումով: 2018 թ.-ին շահագործման է հանձնվել 108 քաղաքաշինական օբյեկտ, 2019թ.-ին՝ 60, բայց այս տարվա համար արդեն ակնկալվում է, որ 2018 թ.-ին տրված շատ շինարարական թույլտվությունների արդյունքում կունենանք շահագործման հանձնվող ավելի շատ օբեկտներ: Ընդհանուր առմամբ 2019 թ.-ի շինարարության ոլորտի ֆինանսական շրջանառությունը կազմել է մոտ 7 մլրդ դրամ՝ ներառյալ պետական, համայնքային և մասնավոր ներդրումները՝ 2018 թ.-ի 5 մլրդ դրամի փոխարեն: 2019 թ.-ին սկսված մեծ օբյեկտների շինարարության մասին խոսելով՝ մասնավոր ներդրումներից կառանձնացնեմ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում «Դոմուս» առևտրային ցանցի շինարարությունը, Վարդանանց փողոցում ակնաբուժական կլինիկայի շինարարությունը:
Ինչ վերաբերում է պետական և համայնքային միջոցներով իրականացվող մեծածավալ սուբվենցիոն ծրագրերին, դրանց աշխատանքներն իրականացվել են անմիջապես հայտերի ներկայացման պահից, մինչև նախագծում, շինարարություն և շինարարության վերահսկողություն, որոշ օբյեկտների դեպքում շահագործման հանձնել: Դրանք են Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը, Հայքի հրապարակի ամբողջական բարեկարգումը՝ շատրվաններով, լուսավորության համակարգով: Ընթացքի մեջ են 3 այգիների շինարարական աշխատանքները, որոնք ձմռան պատճառով հետաձգվեցին, կշարունակվեն մինչև այս տարվա մայիս ամիսը, ընթացքի մեջ են նաև պետական բյուջեով իրականացվող Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգումը, Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի հիմնանորոգումը:
Բաժնի ձեռքբերումներից է քաղաքաշինական կանոնադրության մշակումը և հաստատումը ավագանու կողմից, որը շատ կարևոր փաստաթուղթ է ապագայի համար: Մեծ աշխատանք կատարվեց տնակային ավանների փաստագրման, ամփոփման, վերլուծության, ինչպես նաև դրանց հետագա տնօրինման և այդ տարածքների քաղաքաշինական զարգացման տեսլականի առումով և այդ կոնտեքստում մշակվեցին Բուլղարական 1 և Բուլղարական 2 ավանների կառուցապատման հատակագծերը, որոնք ներկայացվել են Քաղաքաշինության կոմիտե՝ պետական գույք հանդիսացող այդ հողամասերը համայնքային դարձնելու և բնակիչների խնդիրը լուծելու համար:
Ֆինանասական մուտքերի առումով բաժնի աշխատանքի կարևոր մաս է հողային ֆոնդի կառավարումը և օտարումը, որի արդյունքում գոյանում է համայնքի ֆոնդային բյուջեի մեծ մասը: 2019թ.-ի 141 մլն նախատեսված ֆոնդային բյուջե մուտքի դիմաց մուտքագրվել է 222 մլն դրամ: Աճը կազմել է 154 տոկոս: Վարչական մասով նախանշված 15 մլն 600 հազ դրամի փոխարեն մուտքագրվել է 33 մլն 200 հազ. դրամ: Աճը կազմել է 212 տոկոս:
Զուգահեռ՝ տարեվերջին սկսվել և այս տարվա սկզբին ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերի մեկնարկային փաստաթղթերի կազմումը, հայտերի, էսքիզների նախապատրաստումը:
Ամփոփելով հաշվետվությունը՝ քաղաքապետը հավելեց նաև, որ ակտիվացվելու են աշխատանքները քաղաքի ճարտարապետական տեսքի վերականգնման ուղղությամբ՝ նշելով, որ 2019թ.-ին այդ նպատակով ապամոնտաժվել են 80 ժամանակավոր տաղավարներ և այլ կարգի ժամանակավոր կառույցներ, ապա հանձնարարեց շարունակել քաղաքն ազատել դեռևս առկա ժամանակավոր տաղավարներից, ինչպես նաև հետևողական լինել բիզնես տարածքները ևս քաղաքի ճարտարապետությանը համահունչ տեսքի բերելու աշխատանքներին՝ անհրաժեշտության դեպքում ֆինանսական նոր միջոցներ ներգրավելով: