Այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության օրը, Վանաձորի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանի մոտ համավարակի կանխարգելման նպատակով մարդաշատ չէր: Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու էին եկել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, ԵԿՄ անդամներ, զինվորականներ: Թեմակալ առաջնորդի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ, աղոթք բարձրացվեց առ Աստված՝ հանուն հայրենիքի զոհվածների հոգիների խաղաղության և Հայաստանի ու հայ ժողովրդի բարգավաճման ու խաղաղության համար: Ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակին առջև:
Հայրենական մեծ պատերազմին մասնակցած վանաձորցի հերոս հայորդիները
Ճանաչենք նրանց
1-ին մաս
ԽՍՀՄ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 600 հազար հայ, ներառյալ 300 հազարը՝ Խորհրդային Հայաստանից (բնակչության 22%)։ Տարբեր տվյալներով՝ զոհվեցին նրանց մոտ կեսը՝ 300 հազար կամ 33 տոկոսը՝ 200 հազարը։ Կազմավորվեցին հայկական 6 դիվիզիաներ։ 103 հայ արժանացավ հերոսի կոչման, 27-ը դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, իսկ մեդալներով ու շքանշաններով պարգևատրվել են շուրջ 80.000 հայ։ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է 30.000 հայ։ Հայ գեներալիտետի թիվը ԽՍՀՄ-ում կազմել է 64 մարդ (մարշալներ, գեներալներ, ծովակալներ): Նրանք պատերազմի ընթացքում ստանձնել են բարձր և շատ պատասխանատու պաշտոններ. 1-ը՝ ռազմաճակատի, 3-ը՝ բանակի, 5-ը՝ կորպուսի, 22-ը՝ դիվիզիայի, 25-ը՝ բրիգադի, 100-ը՝ զորագնդի հրամանատարներ: