Ամառային զորակոչի մեկնարկը տրված է
Հուլիսի 2-ին Վանաձորի զինկոմիսարիատից պատրաստվում էր ծառայության մեկնել նորակոչիկների հերթական խումբը: Նրանց ճանապարհելու էին եկել Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետը, ծնողները, հարազատները, ընկերները: Թեև հուզմունք կար, սակայն տրամադրությունը բարձր էր: Նորակոչիկներին օրհնության խոսք ասաց 3-րդ բանակային կորպուսի հոգևոր սպասավոր տեր Վանանդ քահանա Անդրեասյանը, ապա ողջույնի և բարեմաղթանքի խոսք հղեցին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց. «Այսօր ես խոսքս ասում եմ ոչ միայն որպես քաղաքապետ, այլև որպես հայ, որպես զինվորի ծնող: Այս ամիս իմ որդին էլ կհամալրի Հայոց Բանակի շարքերը: Ես ուզում եմ, որ մենք մի կարևոր բան մեզ համար արձանագրենք, եթե մեր զինվորը մեր երեխան է, ապա հայկական բանակը հայ ազգի երեխան է: Նրա հանդեպ բացառիկ մաքուր վերաբերմունք պետք է ունենանք: Ուզում եմ, որ բոլորդ ձեր մեջ ուժ ու համբերություն գտնեք՝ մի պահ վերագնահատելու մեր իրողությունները և հպարտանալու, որ մենք բանակ ենք ուղարկում մեր տղաներին, որոնք հայոց լեռների պես ամուր կանգնած ապահովելու են բոլորիս անդորրը: Կարծում եմ՝ աշխարհում չկա ավելի նվիրական ու վեհ զգացողություն, քան հայրենիքի հանդեպ սերն է: Մեր փոքրիկ հայրենիքի անսասանությունը պահելու համար բոլորս ենք պարտավոր ներդնելու մեր լուման: Խնդրում եմ, բոլորդ համբերատար եղեք, աղոթք ուղղեք առ Աստված, որ մեր զինվորները բարով վերադառնան տուն»:
Հայոց բանակի շարքերը համալրող նորակոչիկներին գեղարվեստական համարներով ողջունեց նաև թիվ 2 մշակույթի տան դհոլահարների խումբը:
Բարի ծառայություն և բարի վերադարձ: