- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Շնորհավո՛ր տոնդ, Վանաձո՛ր

Արդեն 16 տարի շարունակ Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքը հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը տոնում է քաղաքի օրը: Տոնին նվիրված միջոցառումները սկսվել են դեռևս 15 օր առաջ: Այսօր արդեն տոնը մեկնարկել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուց, որտեղ վանաձորցիները նախ միասնական աղոթք բարձրացրին առ Աստված, ապա արդեն քայլերթով շարժվեցին դեպի Հայքի հրապարակ: Ճանապարհի ողջ երկայնքով ձգվում էր Ղարաքիլիսայի, Կիրովականի ու Վանաձորի ողջ պատմությունը: Տարատեսակ ցուցադրություներ ու թատերականացված ներկայացումներ,բազմաթիվ ողջույններ ու շնորհավորանքներ Վանաձորի 91-ամյակի առթիվ: Ճակատամարտ ու երկրաշարժ տեսած քաղաքը, չնայած բազմաթիվ խնդիրներին, շարունակում է պահպանել իրեն հատուկ կոլորիտն ու ապացուցել, որ Վանաձորը մշակույթի, սպորտի ու արվեստի քաղաք է: Տոնական միջոցառումը մեկնարկեց արդեն Հայքի հրապարակում, որտեղ նախ բեմահարթակ բերվեց ՀՀ պետական ու Վանաձորի դրոշները: Գլխավոր միջոցառման մեկնարկից առաջ Հայաստանի պետական օրհներգի հնչյունների ներքո դրոշների մուտքը ևս կարևոր խորհուրդ ուներ: Տոնական միջոցառմանը գեղեցիկ կատարումներով հանդես եկան քաղաքի մշակութային հիմնարկ-ձեռնարկությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողները: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ում շնորհիվ Վանաձորի օրը մեծ շուքով նշելու ավանդույթ է ձևավորվել, իր ելույթում նշեց, որ անկախ առկա խնդիրնեին, Վանաձորն այսօր բազմաթիվ ձեռքբերումներ ու հաջողություններ ունի: Վանաձորի օրվան նվիրված միջոցառումները շարունակվեցին քաղաքի բոլոր զբոսայգիներում, իսկ արդեն երեկոյան տոնական համերգ տեղի ունենացավ Հայքի հրապարակում:Տոնական միջոցառման ավարտն ազդարարվեց շքեղ հրավառությամբ:

Էդվարդ Արզումանյան

Վանաձորի քաղաքապետարան