- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Շնորհավոր Անկախությանը տոնը, Երրորդ Հանրապետության ծննդյան օրը

Սիրելի հայրենակիցներ

1991 թվականի սեպտեմբերի 21-ին նորաստեղծ պետության քաղաքացիներս հանրաքվեի միջոցով մեր «այո»-ն ասացինք Անկախությանը: Մենք ընտրեցինք Անկախության ճանապարհը, որ մինչ այդ ընդունել էինք օգոստոսյան հռչակագրով և իրականացրեցինք մեր պապերի ու հայրերի դարավոր երազանքը`ունենալ Անկախ Պետություն: Յուրաքանչյուրս քվեարկեց նվիրական գաղափարի օգտին, և բոլորիս արյունով, քրտինքով, ոգով և միասնականությամբ կարողացանք կյանքի կոչել այդ գաղափարը:

Աշխարհի քարտեզի վրա ստեղծվեց Հայաստան պետությունը:

Այսօր լրանում է մեր անկախ պետության 22-ամյակը:

Անկախությունը յուրաքանչյուրիս անուրանալի և մնայուն ձեռքբերումն է, մեր բոլորի նպատակների իրականացման և իղձերի մարմնավորման անխոս երաշխիքը, մեր կայունության գրավականը:

Վստահ ենք` ժամանակավոր դժվարություններն անհնար է, որ նսեմացնեն մեր պատմական ձեռքբերումը, և հավաստում ենք` մեր անկախ պետությունն էլ ավելի է հզորանալու` դառնալով համայն հայության Երկիրն ու Հայրենիքը` Անկախ Արցախի հետ միասնական և ընդմիշտ միաձույլ:

Այդ անխախտ հավատով էլ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Անկախության 22-ամյա տարեդարձի առթիվ և մաղթում երազանքների իրականացում: Մենք հասնելու ենք մեր իղձերի կատարմանը, հաղթահարելու ենք անցողիկ դժվարությունները և ամբողջացած ենք տեսնելու մեր պապերի և հայրերի երազած Հզոր հայրենիքը:

Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի հայրենակիցներ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Վանաձորի քաղաքապետ