Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ

Թատերարվեստի հարգարժա՛ն գործիչներ,
Թատրոնն այն հայելին է, որը սինթեզում, բյուրեղացնում ու մեզ է վերադարձնում մեր կյանքը՝ ի ցույց դնելով գեղեցիկն ու տգեղը, մեր էությունը՝ ներսից և դրսից, մեր առաքելությունն ու ճանապարհը։ Հայ թատրոնն իր ուրույն տեղն ունի համաշխարհային թատրոնի պատմության մեջ։ Որքան էլ փոխվեն ժամանակները, առօրյայի մաս դառնան տեղեկատվական տեխնոլոգիաները, թատրոնը կմնա անփոխարինելի տուն, դարբնոց, որը դաստիարակել և դաստիարակում է սերունդներ։
Թատրոնի նվիրյալների շնորհիվ հայ թատրոնը հաղթահարեց հետխորհրդային դժվարին տարիները։ Այսօր այն ընթանում է զարգացման հաստատուն ճանապարհով։ Թատրոնի նվիրյալներն այսօր շարունակում են արարել և հանդիսատեսի դատին հանձնել նոր ներկայացումներ՝ նոր ասելիքով, նոր մոտեցմամբ, ավանդականի և նորի ներդաշնակ զուգակցմամբ։ Ժամանակակից թատրոնը նոր մարտահրավերների առջև է, որոնք պատվով ընդունում են հայ թատերական գործիչները։ Վանաձորցիները սիրով սպասում են հին ու նոր բեմադրություններին, սիրելի դերասանների անկրկնելի խաղին, այն էներգիային, որը փոխանցվում է հանդիսատեսին և արժեքավոր սերմեր ցանում նրա սրտի և բանականության մեջ։
Թատերարվեստի հարգելի ներկայացուցիչնր, կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ստեղծագործական բեղմանավոր աշխատանք, շարունակական ձեռքբերումներ, երջանկություն և արևշատություն։ Արարեք լեփ-լեցուն դահլիճներում, եղեք գնահատված և շարունակեք քարոզել բարին։

You May Also Like