- Վանաձոր - http://vanadzor.am -

Փոխվարչապետն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

Posted By Vanadzor On January 23, 2014 @ 15:12 In Լուրեր | No Comments

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելեց Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի գյուղատնտեսական սպասարկման Լոռու մարզային կենտրոն: Փոխվարչապետը ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին, գործառույթներին, մատուցվող ծառայությունների ուղղություններին, զարգացման ծրագրերին:

Քննարկվեցին նաեւ գյուղատնտեսության աջակցության ոլորտում հեռանկարային ծրագրերը, ինչպես նաեւ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) հետ որոշ ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Պատասխանատուները նշեցին, որ Գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ (ԳՍԿ) են գործում Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում` ընդհանուր առմամբ սպասարկելով շուրջ 15 հազար ֆերմերի:

Եւս մեկ ԳՍԿ շուտով կգործի Արարատի մարզի Դարակերտ համայնքում`այգեգործությամբ եւ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերների համար: ԳՍԿ-ների միջոցով մատուցվում են ինչպես անվճար, այնպես էլ վճարովի գյուղատնտեսական ծառայություններ, իրականացվում է խորհրդատվություն:

Տեղեկացվեց, որ CARD հիմնադրամը նախատեսում է կառուցել եւս 7 ԳՍԿ՝ երկուսը Գեղարքունիքի մարզում, մեկական`Կոտայքում եւ Արագածոտնում, եւս երկուսը` Արարատյան դաշտավայրում: 2016 թ-ին CARD հիմնադրամը կտնօրինի արդեն 11 ԳՍԿ:

Փոխվարչապետն այցելեց նաեւ Տաշիրի տարածաշրջանում գործող “Դուստր Մելանիա” պանրագործական ընկերություն, ծանոթացավ արտադրության պայմաններին: Նշվեց, որ CARD հիմնադրամի աջակցությամբ ընկերությունը զգալիորեն բարելավել է պանրի որակը, եւ ներկայումս արտադրանքը նաեւ արտահանվում է, մասնավորապես` Ռուսաստան եւ ԱՄՆ:

Բացի այդ, ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի աջակցմամբ “Դուստր Մելանիա” ընկերությունում հիմնվել է վարպետ պանրագործների դպրոց, որն աջակցում է փոքրամասշտաբ պանիր արտադրողներին`ուսուցանելով պանրագործության հիմնական տեխնիկան:

Փոխվարչապետն այնուհետեւ Վանաձորում այցելեց Հայաստանի ազգային արխիվի Լոռու մարզային մասնաճյուղ, շրջայց կատարեց շենքում, ծանոթացավ փաստաթղթերի պահպանման եւ աշխատանքների կազմակերպման պայմաններին:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ մասնաճյուղի ոչ բավարար շենքային պայմանները հնարավորություն չեն տալիս բնականոն գործունեության ապահովման եւ ծառայությունների պատշաճ մակարդակով իրականացման համար:

Ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագրի շրջանակում մասնաճյուղին նոր տարածք է տրամադրվել Վանաձորում, որը վերանորոգելուց եւ կահավորելուց հետո այնտեղ կտեղափոխվեն պահոցներն ու փաստաթղթերի մշակման, թվայնացման լաբորատորիաները: Տարածքի վերանորոգումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով:

Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ նոր պայմանների ստեղծումը հնարավորություն կտա բնակչությանն ավելի որակյալ ծառայություններ մատուցել: Նա նաեւ կարեւորեց անհրաժեշտ սարքավորումներով վերազինման եւ փաստաթղթերի թվայնացման աշխատանքների իրականացումը: Փոխվարչապետն այնուհետեւ խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում` մարզպետի , մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, մարզպետարանի աշխատակազմի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուների մասնակցությամբ: Զեկուցվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսված է եղել 251 միջոցառում, որից կատարվել է 184-ը կամ 72,5 տոկոսը: Մարզում 2013թ. ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 39,7 մլրդ դրամ, որից միայն 33 միլիարդը` արդյունաբերության, ՓՄՁ-ների ոլորտում եւ մասնավոր հատվածում, քաղաքաշինության ոլորտում կատարվել են շուրջ 2 մլրդ դրամի, ենթակառուցվածքների ոլորտում` 3 մլրդ դրամի, սոցիալական ոլորտում` շուրջ 1,3 մլրդ դրամի ներդրումներ:

Արձանագրվեց, որ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից առաջնահերթ են մնում մի շարք գյուղական համայնքներում երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդրի լուծման, ինչպես նաեւ Վանաձորի Քիմպրոմի աշխատանքների լիարժեք ապահովման հարցը:

Նշվեց, որ ձեռնարկված քայլերի արդյունքում, հատկապես Տաշիրի տարածաշրջանում, գյուղացիական նշանակության հողերի օգտագործման դրական դինամիկա է նկատվում, սակայն դեռեւս առկա են բնակիչների կողմից չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու գործընթացի հետ կապված չլուծված խնդիրներ:

Կարեւորվեց նաեւ մարզի որոշ, մասնավորապես` Սպիտակի եւ Ստեփանավանի տարածաշրջաններում, հակակարկտային կայանների տեղադրման հարցը: Տեղեկություններ ներկյացվեցին նաեւ մարզի համայնքներում ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Փոխվարչապետը նշելով, որ հունվարի 1-ից “Լոռիջրմուղկոյուղի” ընկերության կառավարումը նոր կոնսորցիում է ստանձնել, մարզային եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներին հորդորեց համագործակցել նոր կառավարիչների հետ:

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ 2013թ. համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նշվեց, որ մարզի համայնքների բյուջեների կատարողականը կազմել է 98.3 %: 2012 թվականի համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 6.9 %-ով կամ 356.534 հազար դրամով: Գույքահարկի հավաքագրումը կատարվել է 98.9 %-ով, հողի հարկի հավաքագրումը` 89.6 %-ով:

Հունվարի 10-ի դրությամբ միայն հողի հարկի եւ գույքահարկի մասով խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը մարզի համայնքների նկատմամբ կազմում է շուրջ 58 մլն դրամ, որից միայն Վանաձոր քաղաքի բյուջեի նկատմամբ պարտավորությունը 50, 8 մլն դրամ է: Փոխվարչապետը քաղաքապետներին հորդորեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ:

Նա անթույլատրելի համարեց հատկապես քաղաքային համայնքներում բյուջեների թերակատարումն ու ապառքների կուտակումը եւ առաջարկեց բյուջեների կատարման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել հենց տարեսկզբից: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ, որ Վանաձորի քաղաքային իշխանությունները քաղաքի զարգացման նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկություն կներկայացնեն կառավարություն:

Փոխվարչապետը կարեւորեց նաեւ մարզպետարանի եւ համայնքային ենթակայության հիմնարկների արդյունավետ գործունեության ապահովման ուղղությամբ համպատասխան աշխատանքների իրականացումը եւ ֆինանսական կարգապահության ապահովումը:

Անդրադարձ եղավ նաեւ մարզի համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործընթացին. Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի 113 համայնքից 48-ում, որոնցից 39 համայնք ունի նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշարժ իրականացնելու հնարավորություն:

Քննարկվեցին նաեւ մարզում գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի կատարմանը, մարզի համայնքներում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/pvokhvarchapetn-ashkhatankayin-aytsov/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fpvokhvarchapetn-ashkhatankayin-aytsov%2F&t=%D5%93%D5%B8%D5%AD%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B6+%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%A1%D5%B5%D6%81%D5%B8%D5%BE+%D4%BC%D5%B8%D5%BC%D5%B8%D6%82+%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4+%D5%A7%D6%80

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%93%D5%B8%D5%AD%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B6+%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%A1%D5%B5%D6%81%D5%B8%D5%BE+%D4%BC%D5%B8%D5%BC%D5%B8%D6%82+%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4+%D5%A7%D6%80&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fpvokhvarchapetn-ashkhatankayin-aytsov%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fpvokhvarchapetn-ashkhatankayin-aytsov%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.