Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական խոսքը Հաղթանակի եւ Խաղաղության տոնի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայրենական Մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,

Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը կրկնակի տոն է մեզ համար: Այսօր մենք տոնում ենք Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը։

70 տարի առաջ հայ ժողովուրդը խորհրդային մյուս ժողովուրդների հետ միասին կերտեց մարդկության պատմության ամենավառ էջերից մեկը` մարտնչելով չարիքի դեմ և հաղթելով նրան: Մենք մեր արիական ոգու, անձնազոհության և նվիրվածության շնորհիվ կարողացանք հաղթանակած դուրս գալ մարդկությանը մարտահրավեր նետած այս փորձությունից: Մեր պապերի և տատերի, հայրերի և մայրերի անձնազոհ կերպարն օրինակելի է սերունդների համար: Մենք երբեք չենք մոռանա մեր նահատակներին և հերոսներին:

1992թ. հայ ժողովուրդը կերտեց ևս մեկ կարևոր հաղթանակ: 23 տարի առաջ այս օրը հայ ազգի հերոս զավակների շնորհիվ մենք ազատագրեցինք Շուշին: Այդ դժվար օրերին հայ ազգը դարձել էր մեկ բռունցք` իր կամքով և հերոսությամբ կերտելով նորանկախ Հայաստանի պատմության լավագույն էջերից մեկը: Շուշիի հերոսական ազատագրումը բեկումնային էր Արցախյան պատերազմի ընթացքում: Ազատագրվեցին մեր պատմական հողերը: Հայ ազգի հերոս զավակները կարողացան ապացուցել, որ մենք ինքներս ի վիճակի ենք պաշտպանելու և պահպանելու մեր անկախությունն ու ազատութունը:

Այս տոնական և հաղթական օրը ես նախևառաջ ցանկանում եմ գլուխ խոնարհել հանուն հայրենիքի ազատության նահատակված բոլոր քաջ հայորդիների վառ և հավերժ հիշատակի առջև: Հավերժ փա՛ռք ու պատի՛վ մեր նվիրյալ հայորդիներին:

Շնորհավորում եմ նաև սահմանին կանգնած մեր երիտասարդ զինվորների տոնը, որոնք մեծ պատվով, արժանապատվությամբ և հերոսաբար շարունակում են իրենց պապերի և հայրերի գործը` ծառայելով հայրենիքին և պահպանելով մեր անկախությունն ու անդորրը:

Շնորհակալ և երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր իրեն կյանքի գնով կարողացան հաղթանակ պարգևել մեզ:

Փա՛ռք ու պատի՛վ մեր բոլոր հերոսներին:

Շնորհավո՛ր Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի օրը,

Շնորհավո՛ր Շուշիի ազատագրման օրը, հաղթանակա՛ծ հայ ժողովուրդ:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան

You May Also Like

Leave a Reply