- Վանաձոր - http://vanadzor.am -

Լեհաստանը համայնքների համաչափ զարգացման ուսանելի օրինակ է Հայաստանի համար

Posted By Vanadzor On August 6, 2013 @ 15:17 In Լուրեր | No Comments

Լեհաստան մեկնում էի երկրորդ անգամ: Այս անգամ մեկնում էի «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության կազմակերպած ուսումնական այցի շրջանակներում: Հանրապետության տարբեր մարզերի 12 մասնակիցների` համայնքապետերի, ՏԻՄ աշխատակիցների, ավագանու անդամի հնարավորություն էր տրված ձեռք բերել նոր կարողություններ, ուսումնասիրել լեհ գործընկերների հաջողված փորձը:

Ընդամենը մի քանի ժամ, եւ մենք լեհական հողում ենք, որը 8 օր շարունակ սիրով հյուրընկալեց հայերին` էջ առ էջ բացելով իր կառավարման համակարգի, պատմության, սովորույթների, կենցաղավարության՝ մեզ համար հայտնի ու նաեւ անհայտ կողմերը: Ուսումնական այցի հագեցած ու տարողունակ օրակարգը, որը «Ունիլոբ» կազմակերպության նախագահ Արթուր Նովիսկու պրպտուն ու բազմափորձ աշխատանքի արդյունքն էր, օգնեց Հայաստանի ՏԻՄ ներկայացուցիչներին բազմակողմանիորեն ծանոթանալ տեղական ինքնակառավարման գործող համակարգին, ճանաչել այդ երկիրը, ուսումնասիրել տեղացի գործընկների լավագույն փորձը:

Լեհաստանը բաժանված է 16 մարզերի` վոյեվոդությունների, որոնք իրենց հերթին բաժա նվում են պովիատների եւ գմինաների: Ի տարբերություն Հսյաստանում գործող ՏԻՄ միաստիճան համակարգի` այնտեղ համակարգը եռաստիճան է, որը ստեղծվել է 1989թ.: Փորձագետ Ուոլչեկ Մարչլեւսկին նկատում է, որ ինքնակառավարումը տարիներ առաջ ավելի լայն սահմաններ ուներ. օրենսդրության փոփոխությունը նեղացրեց այդ սահմանները: «2046 համայնքի, 365 շրջանի, 16 մարզի միջոցով իրականացվում են տեղական ինքնակառավարման գործառույթները: Եւ՛ 2 մլն-անոց Վարշավան է համայնք, եւ՛ 1000 բնակչով գյուղակը: Կա քաղաքային համայնք, որն ունի 1100 բնակիչ, եւ գյուղական համայնք` 22000 բնակչով: Սա դեմոկրատական մոդել է, որը արդարացնում է իրեն»,- ներկայացնում է պրն Մարչլեւսկին:

Մեր պատվիրակության այցերը գյուղեր եւ քաղաքներ, պետական կառույցներ ու հիմնադրամներ, արտադրական կենտրոններ եւ մշակութային օջախներ Լեհաստանը դրսի աչքի համար ներսից բացահայտելու լավագույն հնարավորությունն էին:

Ձիալդովոն գտնվում էր Լեհաստանի գերմանական հատվածում: 62 մլն զլոտի (15 մլն դոլար) բյուջե ունեցող Ձիալդովոյում 9.5 մլն զլոտին նպատակաուղղվում էր սոցիալական ծրագրերի իրականացմանը: Համայնքում մեծ ուշադրություն էր դարձվում բնապահպանական խնդիրներին: Այդ համատեքստում էլ 1998թ. ստեղծվել էր Տարածքային զարգացման գործակալությունը, որի նախագահ Զենոն Սզաչերսկու հետ հանդիպման ընթացքում մեզ համար մեծ հետաքրքրություն նեկայացնող շատ հարցեր վեր հանվեցին, մասնավորապես` շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրեր, աղբահանությամբ զբաղվող կազմակերոպությունների աշխատանք, աղբի տեսակավորում եւ վերամշակում:

Կարեւորելով բնակիչների մտածելակերպն ու մոտեցումները փոխելու, իրազեկվածությունը բարձրացնելու հարցերը` գործակալությունը կարողացել էր լուրջ հաջողություններ գրանցել` սկսած աղբաթափման մշակույթ ձեւավորելուց մինչեւ աղբի պահեստավորում, տեսակավորում, գունավոր, տարանջատված աղբարկղերի օգտագործում, օրգանական թափոնների վերամշակում:

Միջհամայնքային կապերի արդյունավետության լավագույն օրինակն այստեղ ներկայացվեց հենց 12 համայնքների (5 շրջան) համար ընդհանուր աղբաթափման վայրի ստեղծմամբ:

Կոզլովո համայնքում մեզ դիմավորեցին ոչ միայն գյուղապետ(վույտ) Յանեկ Յանկովսկին ու նրա աշխատակազմը, այլեւ համայնքում գործող հ/կ-ների ու հիմնադրամների ներկայացուցիչները, որոնք սերտորեն համագործակցում էին համայնքապետարանի հետ: 6.5 հազար բնակիչ ունեցող համայնքում ներկայացնելու շատ բան կար` ծրագրերի բազմազանություն` կրթականից մինչեւ սոցիալական, էկոլոգիապես մաքուր սննդի արտադրությունից մինչեւ մշակութային: Բիզնես սեկտոր-համայնք համագործակցության լավագույն վավերագիրն ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված ձեռնարկների իրականացումն էր: Կոզլովո համայնքում մենք տեսանք դրա լավագույն դրսեւորումներից մի քանիսը:

Զբոսաշրջիկներին գրավելու համար ստեղծվել էին բոլոր անհրաժեշտ պայմանները: Ընդհանրապես, լեհերը կարողացել էին անգամ աննշան դետալները դարձնել տեսանելի, գրավիչ, կոմերցիոն տեսանկյունից շահեկան: Առկա ռեսուրսների գրագետ օգտագործումը, հետաքրքիր ձեւով ներկայացնելը տվել էին ցանկալի արդյունք` խթանելով զբոսաշրջիկների աճը: Իսկ ցանկացած ծրագրի համար կանաչ ճանապարհ էր հարթվել Եվրամիության շնորհիվ. դրամաշնորհների ու ներդրումների արդյունավետ օգտագործումը բնություն-կենցաղավարություն-ազգային ուտեստների պատրաստում միասնությամբ նորովի էր ներկայացնում եղածը:

Ինչպես նշեց Յանկովսկին, համայնքների զարգաման ռազմավարությունը ենթադրում է հ/կ-ների եւ բիզնես սեկտորի համագործակցություն, որտեղ յուրաքանչյուրն ունի իր նպատակներն ու շահերը` առանց բախումների եւ հակասությունների:

Մեր պատվիրակությանը ագրոտուրիզմի գողտրիկ անկյուններում ոչ միայն սիրով ընդունեցին, այլեւ փոքրիկ էքսկուրս անցկացրին, կազմակերպեցին հյուրասիրություն, ու սեղանին էլ հայտնվեցին տեղում պատրաստված սննդատեսակներ եւ ըմպելիքներ` էկոլոգիապես մաքուր, թարմ, տեղում աճեցված, այն ամենը, ինչին ձգտում են մեծ քաղաքներից ու արագ սննդի կետերից մի քանի օրով փախուստի դիմած մարդիկ:

Մինչ զբոսաշրջիկը փնտրում է լավագույն հանգիստ բնության գրկում, բնությանը ներդաշնակ, փոքր գյուղերում ապրող մարդիկ չգիտեն` ինչպես օրվա պարապը լցնել: Այդ պարապը պարպելու լավագույն միջոցը եւս գտնված էր: NIDA հիմնադրամի նախագահ Կրիշտոֆ Մարգոլի հետ հանդիպումը Կանիգովոյում, որտեղ հիմնադրվել էր մազուրիան արհեստագործների համայնքը, դրա լավագույն արտահայտությունն էր: Պարոն Մարգոլի ներկայացմամբ` ընդամենը 5 տարի առաջ Կանիգովոն գորշ ու խղճուկ բնակավայր էր, ու բնակիչներն էլ «սպասում էին» մեռնելուն: «Մեռնող գյուղի» բնակիչներից մեկի արտահայտությունը դարձավ որոշիչ, ու 1994թ.-ից գործող NIDA հիմնադրամի նախագահը որոշեց` գյուղը պետք է վերածնունդ ապրի: Ընդամենը 5 տարի ու Կամյոնկա կոչվող տարածքը վերածվել էր ծաղկուն կղզյակի` արհեստանոցներով, համերգային բացօթյա դահլիճով, ցուցադրությունների տաղավարներով, ցուցահանդես-տոնավաճառով, որտեղ վաճառվում էին ձեռակերտ, ինքնատիպ աշխատանքներ, ծաղկաշատ արահետներով:

Կ. Մարգոլի «Եղիր ուրիշ եւ չես մեռնի» կարգախոսը զգացվում էր ամենուր: Կարողությունների եւ հմտությունների զարգացման, սեփական ուժերի նկատմամբ վստահության, ինքնատիպ գաղափարների կյանքի կոչման, ավանդույթների վերականգնման եւ պահպանման, մեռնող արհեստների վերածննդի շնորհիվ ստեղծվել էր թեմատիկ գյուղ, որը գրավում էր զբոսաշրջիկների նորանոր խմբերի: Մինչեւ 2015թ. մեծ աշխարհի այդ անկյունը կզարդարի «Դրախտային պարտեզը». 5 հա հողատարածքի վրա աճելու է 1000 տեսակ ծաղիկ, թուփ, բույս, որն ուղեկցվելու է ուսուցողական, կրթական վահանակներով: Մեր խումբն առաջիններից մեկն էր, որ վայելեց դրախտային պարտեզի հարստությունը: Սա լեհական հողում ստեղծված հաջողված պատմություններից մեկն էր, որի շնորհիվ լուծվել էին գյուղական զբաղվածության, աղքատության դեմ պայքարի, փոքր բիզնեսի զարգացման, բնապահպանական, կրթական, տնայնագործական աշխատանքների տարածման, զբոսաշրջության զարգացման խնդիրները:

Սրտացավ ու ճիշտ աշխատանքի այս օրինակը մեր գյուղերի համար խիստ արդիական է, անհրաժեշտ, որպեսզի չունենանք դատարկվող գյուղեր ու հուսալքված մարդիկ: Ի դեպ, այս գողտրիկ անկյունում խաչաձեւվեցին լեհ-հայկական մշակութային պատառիկները, անգամ հյուրասիրության ազգային դրսեւորումները` լեհական պելմեններն ու հայկական խորովածը:

Մեր հաջորդ կանգառը Նիձիկայում գտնվող «Նեզաբուդկա» բարեգործական հիմնադրամի գրասենյակն էր: Մասնագիտությամբ մանկավարժ հիմնադրամի նախագահ Բարբարա Մարգոլը ներկայացրեց այն մեխանիզմները, որոնց շնորհիվ կարողացել էին 1999 թ.-ից ի վեր իրականացնել բարեգործական լուրջ ձեռնարկներ: Շուրջ 49 ծրագիր են հեղինակել`օգնելով անապահով ընտանիքների 600 ուսանողի, կառուցելով երեխաների համար խաղահրապարակներ, գյուղում մշակութային կենտրոն (ԵՄ-ն հատկացրել է գումարի 70%-ը, բարեգործությամբ հավաքագրվել է 30%-ը), կազմակերպվում են անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներ: Ամռան այս օրերին էլ հիմնադրամի գրասենյակի տարածքում գտնվող խաղահրապարակում երեխաներն իրենց ժամանցն էին կազմակերպել, իսկ գյուղում անցկացվում էին անգլերենի ուսուցման դասընթացներ` «Արձակուրդը գյուղում» ծրագրի շրջանակներում: Դասընթացավարները բարեգործական հիմունքներով կրթաթոշակ ստացած ուսանողներն էին:

«Ես կարող էի իմ ազատ ժամանակը կազմակերպել ոչինչ չանելով,- ասում է տկն Մարգոլը,- սակայն կարծում եմ, որ սա է իմ կոչումը, եւ յուրաքանչյուրը պետք է հասարակական գործունեության իր կապիտալը կուտակի: Հիմնադրամն էլ իր գործունեության ընթացքում հենվում է կամավորության սկզբունքների վրա` չակնկալելով ոչ մի շահույթ ու վարձատրություն»:

Հանգանակությունների հավաքագրման նպատակով կազմակերպվող միջոցառումները բազմաբնույթ էին եւ ինքնատիպ: Անգամ ներկայացվող հաշվետվություններն անցկացվում էին ստանդարտներից դուրս. խոշոր գումարներ նվիրաբերածները տարեվերջին պարգեւատրվում են խրախուսական մրցանակներով ու ոսկեձույլ արձանիկով: Սա սոցիալական գործընկերության լավագույն օրինակներից մեկն էր: Ճիշտ ու գրագետ քայլերի հերթագայությամբ, նպատակային ծրագրերի իրականացմամբ, սոցիալական պատասխանատվության ռազմավարության մշակմամբ, գումարների նպատակային հատկացմամբ հնարավոր է բարեգործությունը դարձնել կենսակերպ:

Տեղում աշխատանքները նորովի կատարելու, երեւույթներին այլ հայացքով նայելու, խոսքից կոնկրետ գործին անցնելու ուսանելի դրվագներն ամենուր էին: 7300 բնակիչ ունեցող Ստավիգուդայում մեզ սպասվում էր կրկնակի ու անչափ հաճելի անակնկալ: Համայնքապետարանի մուտքը զարդարում էին լեհական ու հայկական դրոշները, ընդունելության դահլիճում բոլորիս ոտքի կանգնեցնող Հայաստանի օրհներգն էր հնչում, իսկ հյուրասիրելու սպասող սեղանը ծանրաբեռնված էր հայկական մրգերով: 19 տարվա համայնքապետ Թեոձոյ Մարչինկավիչը մեզ զարմացրեց Հայաստանի նկատմամբ ունեցած ընդգծված վերաբերմունքով եւ Հայաստանի մասին իմացությամբ:

Եվրամիության ձեռքը հասել էր նաեւ այստեղ, եւ զարգացման ծանրակշիռ փաստերից մեկը բնակչության թվի ավելացումն էր` 5000-ից հասնելով 7300-ի: «Նոր մտածողության շնորհիվ հնարավոր եղավ սոցիալիզմից հետո ոտքի կանգնել եւ մեծ քայլերով առաջ գնալ: Ներդրումների արդյունքում համայնքները բռնել են զարգացման ուղին»,- ասաց Մարչինկավիչը:
Նրա ուղեկցությամբ մեր խումբն այցելեց համայնքում գործող ձկնաբուծարան, մեղրի գործարան, որտեղ մեղրի հումքով արտադրվում էին խմիչքներ, կոսմետիկա, այլ արտադրանք: ԵՄ-ի լուրջ ներդրումների շնորհիվ կարճ ժամանակահատվածում նկատելի էր բիզնեսի հաջող մեկնարկ եւ զարգացում:
Oշտինում` Վարմիայի եւ Մազուրիայի մարզկենտրոնում, շարունակվեցին մեր ճանաչողական այցերը մարզկենտրոնի գրասենյակ եւ մարզպետարան, հանդիպումները վայեվոդի եւ մարշալի հետ: Մարզը արտադրության մի քանի ճյուղերի գծով նշանակալի առավելություն ուներ` էլեկտրամեքենաշինություն, «Իկեա» ֆիրմայի կահույքի, տուրբինների, մսամթերքի, մեքենաների եւ պահեստամասերի արտադրություն, գյուղատնտեսություն, ձկնարդյունաբերություն, էկոտուրիզմ:
Մեզ հյուրընկալած մարզում (վոյեվոդում) բնակվող հայերից 14-ը համագործակցային կապերի ամրապնդմանը նպաստելու համար արժանացել էին պարգեւների, իսկ 2012թ. մարզում տեղադրվել էր հայկական խաչքար: Մարզպետարաններում աշխատում են շրջանների զարգացման ստրատեգիայի վրա, որի հիմքում հասարակական եւ տնտեսական համաչափ զարգացումների ապահովումն է, իսկ մարշալները զբաղվում են անվտանգության հարցերով:
Լեհաստանն արդեն 9 տարի ԵՄ անդամ է: Լեհերը ցանկանում են լինել միության ուժեղ անդաներից մեկը եւ իրենց քայլերով նպաստում են դրան: Լեհաստանն այսօր առանցքային դերակատարում ունի ԵՄ-ում`չնայած եվրոյի գոտում չէ, ունի իր ազգային դրամը` զլոտին:
Լեհ պաշտոնյաների հավաստմամբ` տեղական ինքնակառավարման եռաստիճան համակարգը արդարացված է. յուրաքանչյուր աստիճան ինքնուրույն է, գործում է իր լիազորությունների շրջանակում:
Յուրաքանչյուր հանդիպումից հետո փորձում էինք համեմատության եզրեր անցկացնել Հայաստանի հետ: Ընդօրինակելու, լավագույն փորձը վերցնելու շատ բան կար, ամենակարեւորը, թերեւս, առկա ռեսուրսների ճիշտ օգտագործումն է, ունեցածը գրագետ մատուցելու կարողությունը, որը ոչ միշտ է պայմանավորված ֆինանսական միջոցների առկայությամբ:
Համայնքների համաչափ զարգացում ասվածն ակնառու էր ու տեսանելի. գյուղ-քաղաք գրեթե չէին տարբերվում, ինչը չես ասի մեր երկրի պարագայում:

Արմինե Ղուկասյան

http://hetq.am/


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/lehastany-hamaynkneri-hamachap/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Flehastany-hamaynkneri-hamachap%2F&t=%D4%BC%D5%A5%D5%B0%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B9%D5%A1%D6%83+%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6+%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%AB+%D6%85%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF+%D5%A7+%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D4%BC%D5%A5%D5%B0%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B9%D5%A1%D6%83+%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6+%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%AB+%D6%85%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF+%D5%A7+%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Flehastany-hamaynkneri-hamachap%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Flehastany-hamaynkneri-hamachap%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.