- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Ոչ մի քաղաքացի չպետք է դժգոհ հեռանա քաղաքապետարանից

Մարտի 21-ին Վանաձորի քաղաքապետը հրավիրել էր ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էր քաղաքապետարանի ողջ անձնակազմը: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը պահանջեց աշխատակազմից խստագույնս պահպանել աշխատանքային կարգապահությունը և բարձրացնել ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետությունը: Ինչպես նշեց քաղաքապետը, բաժինների աշխատանքի արդյունավետությունը չի բնորոշվում միայն թղթի վրա ներկայացվող բովանդակալից հաշվետվություններով: Առավել կարևոր է, որ ոչ մի վանաձորցի դժգոհ չհեռանա քաղաքապետրանից կամ էլ իր դիմումին ի պատասխան ստանա քաղաքապետարանի որևէ ստորաբաժանման կողմից նախապատրաստված ձևական գրավոր արձագանք:

Եթե անգամ քաղաքացու խնդրանքը մերժվում է, ապա քաղաքացին պետք է քաղաքապետարանից հեռանա այն վստահությամբ, որ իր պահանջը կամ խնդրանքն արդարացիորեն և հիմնավորված մերժվեց, թեև քաղաքապետարանը պատրաստակամ էր անել իր հնարավորությունների առավելագույնը՝ քաղաքացուն աջակցելու նպատակով: Միայն այս պարագայում քաղաքացիները կվստահեն քաղաքապետարանի աշխատակազմին:

Քաղաքապետը հիշեցրեց նաև , որ քաղաքացիների ընդունելության ժամանակ լինում են դեպքեր, երբ քաղաքացին դժգոհում է այս կամ այն բաժնում իր խնդրի նկատմամբ ձևական մոտեցումից: Թեև այս կարգի դեպքերը հազվադեպ են , սակայն անգամ մեկ դեպքը պետք է բացառել: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ այն համայնքային ծառայողները, ովքեր դեռևս չեն ըմբռնում, որ իրենց առաքելությունը քաղաքապետարանում քաղաքացիներին ծառայություն մատուցելն է, կարճ ժամանակում կենթարկվեն օրենքով նախատեսված պատիժների և հրաժեշտ կտան իրենց պաշտոնին: Քաղաքապետը տեղեկացրեց աշխատակազմին, որ երկու շաբաթը մեկ անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակ ինքը պարաբերաբար հետաքրքվում է քաղաքացիներից, թե համապատասխան բաժիններում ինչպես են ընդունել քաղաքացուն, ինչպես են զբաղվել նրա խնդրով և ինչ տպավորություն է ստացել քաղաքացին համայնքային այս կամ այն ծառայողի հետ շփումից:

Քաղաքապետը մեկ անգամ ևս հիշեցրեց իր աշխատակազմին, որ առաջիկայում չի բացառվում, որ բաժինների ընթացիկ և տարեկան աշխատանքի գնահատման նոր մեթոդներ մշակվեն ու կիրառվեն, որտեղ որոշիչ դեր կունենա քաղաքացիների շրջանում այս կամ այն ստորաբաժանման աշխատանքի նկատմամբ քաղաքացիների վստահության աստիճանը: