- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

Ինչպես 21 տարի առաջ կիրովականցիները պարտադրված դարձան վանաձորցիներ

Եթե ՀՀ Գերագույն խորհուրդը ոչ տեղին համառություն չցուցաբերեր, ապա Կիրովականը Գուգարք կանվանփոխվեր

Մինչ օրս ավագ սերունդն իրեն դեռևս կիրովականցի է համարում, իսկ նոր սերունդը ` վանաձորցի, սակայն տեղյակ չէ քաղաքի անվանափոխության պատմությանը:

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում հախուռն կերպով սկիզբ առավ քաղաքների, փողոցների և այլ կարգի անվանական տարածքների անվանափոխության գործընթացը: 1991 թվականի մարտի 1-ին ՀՀ ժողովրդական պատգամավորների առաջին գումարման Կիրովականի քաղաքային խորհրդի որոշում կայացրեց անվանափոխել Կիրովական քաղաքը , քանի որ այլևս տեղին չէր հեղափոխական Կիրովի անունով Հայաստանում քաղաք ունենալը: Նույն որոշմամբ քաղխորհուրդը ստեղծեց անվանափոխության զբաղվող կազմկոմիտե:

Կիրովականի քաղաքային խորհրդի նախագահ Հովհաննես Մատինյանի որոշումով ստեղծվեց 22 անդամից բաղկացած կազմակոմիտե, որի նախագահ ընտրվեց ժողպատգամավոր Հ. Մատինյանը: 1991 թվականի հունիսի 20-ին որոշմամբ Կիրովականի քաղխորհրդի նախագահությունը հանձնարարեց քաղաքի անվանափոխության նպատակով ստեղծված կազմկոմիտեին մինչև 1991 թվականի հուլիսի 1-ն անցկացնել քաղաքի անվանափոխության վերաբերյալ հարցում ՝ հիմնարկ –ձեռնարկությունների ղեկավարության միջոցով:

Նախագահությունը նաև հաստատեց անվանափոխության հարցաթերթիկի նմուշը: Քաղաքացիներին առաջարկվում էր քաղաքի համար չորս նոր անվանումներ՝ Բազում, Գուգարք, Վանաձոր և Վանք:

Հարցվողները պետք է նախապատվությունը տային մեկ անվանմանը` ջնջելով մյուս երեքը: Քաղաքի անվանափոխության հանաձնաժողովը 1991 թվականի հունիսի 24-ից սկսեց հիմնարկ ձեռնարկություններին տրամադրել հարցաթերթիկներ, որոնք արդեն լրացված պետք է վերադարձվեին հանձնաժողովին մինչև հուլիսի 1-ը: Հարցումների արդյունքում “Վանաձոր” անվանումը ստացավ չնչին առավելություն , սակայն քաղխորհրդի երկրորդ նստաշրջանում ժողպատգամավորները մերժեցին հաստատել հարցումների արդյունքները:

Ելնելով իրավիճակից, 1991 թվականի հոկտեմբերի 10-ին Կիրովականի քաղխորհրդի նախագահությունը որոշում է կայացնում հոկտեմբերի 16-ին անցկացնել համաքաղաքային հարցում (հանրաքվե) ՝ քաղաքի անվանափոխության վերաբերյալ: Համաքաղաքային հարցմանը կրկին ներկայացվում են Բազում, Գուգարք, Վանաձոր և Վանք անվանումները: Հոկտեմբերի 16-ին , ՀՀ նախագահի ընտրություններին զուգահեռ, քաղաքի 47 ընտրական տեղամասերում հանրաքվեի է դրվում նաև քաղաքի անվանափոխության հարցը: Կիրովական քաղաքի ավելի քան 89 հազար ընտրողներից ՀՀ նախագահի ընտրություններին և քաղաքի անվանափոխության հանրարքվեին մասնակցել էին շուրջ 65 հազար քաղաքացիներ:

Քաղաքի անվանափոխության հանրաքվեի արդյունքում Բազում անվանումը ստացել էր 3340 ձայն, Վանքը՝ 10625, Վանաձորը՝ 13 634, Գուգարքը՝ 26 284:

1991 թվականի դեկտեմբերի 23-ին քաղխորհրդի նստաշրջանում քվեարկությամբ ընդունվում է քաղաքի անվանափոխության հանրաքվեի արդյունքները և որոշվում է ՀՀ Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Կիրովական քաղաքը Գուգարք վերանվանելու որոշումը: Սակայն ՀՀ Գերագույն խորհուրդը չի հաստատում Գուգարք անվանումը , այն վիճելի հիմնավորմամբ,որ ներկայիս Կիրովականը երբեք չի եղել Գուգարաց աշխարհի տարածքում (Այս մերժումը մնում է այդ տարիների Գերագույն խորհրդի անդամների խղճին):

Ստեղծված իրավիճակում Կիրովականի քաղխորհուրդը ստիպված է լինում կանգ առնել հանրաքվեի արդյունքում քվեների քանակով երկրորդը ճանաչված Վանաձոր անվան վրա: 1992 թվականի հունիսի 28-ի իր որոշմամբ Հայաստանի Գերագույն խորհրդը որոշում է Կիրովական քաղաքը վերանվանել Վանաձոր` “Հաշվի առնելով Կիրովականի քաղաքային խորհրդի և հասարակության միջնորդությունը”:

1992 թվականի հուլիսի 6-ին Հովհ. Աբելյանի անվան թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո, որի ընթացքում արդեն Վանաձորի քաղխորհրդի նախագահ Հովհաննես Մատինյանը ընթերցեց ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը Կիրովականը Վանաձոր վերանվանելու մասին: Հուլիսի 7-ի առավոտյան կիրովականցիները դարձան վանաձորցիներ:

Էդիկ Հովսեփյան