Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՀԱՎԵՐԺ ՓԱ՛ՌՔ ՈՒ ՊԱՏԻ՛Վ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

. Լուրեր

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,

Մայիսի 9-ին մենք տոնում ենք Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը։

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:

Հայրենական Մեծ պատերազմում հայ ժողովուրդն իր մեծ ավանդը ներդրեց հաղթանակի համար: Հայ ազգը խորհրդային այլ ազգերի հետ միասին կերտեցին աշխարհի համար այդքան կարևոր պատմական հաղթանակը: Մեր հայրերի և պապերի պատերազմում դրսևորած սխրանքները ազգին և հայրենիքին անձնվիրաբար ծառայելու և անմնացորդ նվիրվելու պայծառ օրինակներ էին:

1992թ-ին մայիսի 9-ը բերեց ևս մեկ խորհուրդ, և այն կրկնակի տոն դարձավ մեզ համար: Մեզ պարտադրված պատերազմում մենք կարողացանք զենքի ուժով պաշտպանելու մեր արժեքները, ազատությունն ու անկախությունը: Շուշիի ազատագրմամբ և արցախյան պատերազմում հաղթանակով հայը ցույց տվեց, որ անհնար է կոտրել իր ոգին:

Հայը երբեք չի զարմացել մարդկային ցեղի կիսաձևավորված տեսակի կողմից մեր ազգի նկատմամբ դրսևորած մարդատյացությունից, նենգությունից, բարին չարից չզանազանելու անասնական համառությունից, որովհետև բացի մարդկային բարձրագույն արժեքներ կրողի, ապրողի ու ապրեցնողի, հայ լինելը նաև դժվարություններ հաղթահարելու, բարին սերմանելու, չարին կամք թելադրելու և իր բազկի հզորությունն ապացուցելու մասնագիտություն է:

Մեկ անգամ չէ, որ ընդվզել ենք մեր ճակատագրի դեմ, բայց երբեք չենք դավաճանել այն կրելու և կռելու մեր դավանանքին: Դարեր շարունակ դա է եղել մեր նախնիների կերպը, որը փոխանցվել ու սրբորեն կյանքի է կոչվում նրա սերունդների կողմից: Ավարայր, Սարդարապատ, Մեծ Հայրենական, արցախյան գոյամարտ և վերջապես ապրիլյան քառօրյա: Ահա պատմության այն հատվածները, ուր մեր մտքի, բազկի ու կամքի դաշինքն աշխարհին ապացուցել ու շարունակում է ապացուցել հայ արգանդի հերոսածին կենսունակությունն ու ապրելու և հարատևելու մեր անկոտրուն կամքի անսասանությունը: Երջանիկ ու կատարյալ է այն սերունդը, որը հարազատ է մնում իր նախնիների արյան կանչին ու կյանքն իմաստավորում է անմահ նպատակների նվիրաբերումով: Այդպիսի սերունդ է մեր Հայրենիքի սահմանի անմատչելիությունը, հայի խաղաղ քունն ու աշխատանքը իր կյանքի գնով ապահովելու պատրաստ զինվորը, որը, չսակարկելով իր արյան գինը, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ելուզակներին ու իրենց հովանավորներին, մարդկության ճակատագրեր տնօրինող միջազգային անպտուղ կառույցներին ապացուցեց և անհրաժեշտության դեպքում նորից ու նորից է ապացուցելու հայ մտքի ու բազկի դաշինքի անպարտելիությունը, հայի ապրելու և հարատևելու հաստատակամությունը:

Մեր երկրի համար այս կարևոր օրերին սահմանին կանգնած հայ զինվորը՝ իր պապերի և հայրերի օրինակով, ամեն օր ապացուցում է թշնամուն, որ հայի ոգին անկոտրուն է: Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր բանակը, զինվորը և ողջ հայ ժողովուրդը մեկ բռունցքի պես արժանի հակահարված հասցրեցին թշնամուն: Մեր լուսավոր ու պայծառ տղաները կյանքի գնով պաշտպանեցին և պաշտպանում են իրենց հողն ու հայրենիքը, արժանապատվությունն ու արժեքները:

Ես նախևառաջ ցանկանում եմ գլուխ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր քաջ հայորդիների վառ և հավերժ հիշատակի առջև: Մայիսը հաղթանակների ամիս է մեզ համար: Համոզված եմ, որ այս մայիսն էլ կդառնա մեր հերթական հաղթանակի ամիսը:

Փա՛ռք ձեզ, առյուծածին հայ մայրեր:

Փա՛ռք քեզ, հաղթանակների դարբին հայ զինվոր:

Փա՛ռք սփյուռքահայ մեր այն հայրենակիցներին, ովքեր հայրենյաց կանչով եկան ու հավերժ գամվեցին մայր հողին:

Փա՛ռք հայ ժողովրդին, որ իր ազգանվեր միասնությամբ ահ ու սարսափով պատեց անբարտավան թշնամու տկարամիտ ուղեղը:

Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր