2018թ. կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ ճարտարապետության և քաղաքաշինության բաժինը

Վանաձորի համայնքապետարանում շարունակվում են բաժինների կողմից 2018թ.-ին կատարված աշխատանքների հաշվետվությունները:
Փետրվարի 18-ին Վանաձորի քաղաքապետին ներկայացվեց ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի 2018թ.-ի տարեկան հաշվետվությունը: Մինչ զեկույցին անցնելը, քաղաքապետը նախ անդրադարձավ բաժնի կատարած աշխատանքների որակին՝ ընդգծելով, որ այս բաժինը համայնքապետարանի ամենամեծ բաժիններից մեկն է և բնակչության հետ մշտական առնչության մեջ է: Մամիկոն Ասլանյանը հորդորեց ավելի խստապահանջ լինել: «ճարտարապետության և քաղաքաշինության բաժինը առավել արդյունավետ և տեսանելի աշխատանք կատարող բաժիններից է: Ձեր աշխատանքները կատարելիս՝ եղեք ուշիմ, գործեք բացառապես օրինականության սահմաններում: Ուշադիր և զգոն եղեք, որպեսզի քաղաքացիների հետ հարաբերություններում թյուրիմացություններ և սխալներ չլինեն, քանի որ բարոյական և իրավական պատասխանատվություն կրելու է համայնքապետարանը»,-եզրափակեց համայնքի ղեկավարը:
Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը զեկուցեց ըստ ոլորտների:
Վերջում Մամիկոն Ասլանյանի կողմից ծառայողական պարտականությունները բարեխիղճ և նվիրումով կատարելու, բարձր կարգապահության և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալագրերի արժանացան բաժնի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, գլխավոր մասնագետ Գագիկ Մկրտչյանը և գլխավոր մասնագետ Սուրեն Հովհաննիսյանը:
2018թ. ճարտարապետության և քաղաքաշինության բաժնում մուտք է եղել 3725 դիմում-գրություն-հանձնարարական: Տրամադրվել է 223 ճարտարապետահատակագծային (նախագծային) առաջադրանք, 232 շինարարության թույլտվություն, 108 ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/:
Կազմվել է 1527՝ ավագանու, հողերի աճուրդ-մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրված և վերահատկացված հողամասերի օտարման, սեփականության իրավունքի ճանաչման, փոստային հասցեների հաստատման, հողերի միավորման և տարանջատման, ինքնակամ կառույցների և ձևափոխությունների օրինականացման, համայնքի ղեկավարի տարաբնույթ, պայմանագրերի ժամկետների երկարաձգման, ուժը կորցրած ճանաչելու, հողամասի ճշտված սահմանների որոշման նախագծեր:
ՀՀ Լոռու մարզպետարան, ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացվել 30 գործ՝ համաձայնություն ստանալու նպատակով:
Կայացել է հողամասերի 10 աճուրդ (անհատական բնակարանաշինության, հասարակական սպասարկման օբյեկտների, ավտոտնակների, արդյունաբերական և կոմունալ սպասարկման օբյեկտների կառուցման նպատակով)՝ օտարվել է 94 հողակտոր՝ 36000,66 քմ մակերեսով:
Շահագործման է հանձնվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենքը, Տիգրան Մեծի պողոտայի վրա «Տաշիր» առևտրի կենտրոնը, ավարտվել է Մ-6 միջպետական ճանապարհի Վանաձորի հատվածի շինարարությունը, նախկին կենցաղի տան, Երևանյան խճուղու վրա գոյություն ունեցող հյուրանոցի նոր մասնաշենքերի կառուցումը: Հիմնանորոգվել է Տիգրան Մեծի պողոտայի ստորգետնյա անցումը:
2018թ. շարունակվում է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի շինարարությունը, թիվ 11 մանկապարտեզի վերակառուցումը, Կ.Դեմիրճյան փող. թիվ 1ա հասցեում «Վանաձոր -1» ենթակայանի վերակառուցումը և արդիականացումը, «Վանաձորի գյուղ. պետական քոլեջ»-ի մարզադահլիճի վերակառուցումը, Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի շենքի ուժեղացումը, Արցախ պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի շինարարությունը, «ԴԱՐԲԲԱԳՍ» կարի ֆաբրիկայի արտադրական օբյեկտների վերակառուցման և արդիականացման, Լոռի մարզադաշտի վերակառուցման աշխատանքները,վերակառուցվել է հարկային տեսչության հետնամասի պուրակը, կատարվել է Հալաբյան կամուրջի լուսավորության համակարգի ներդրում, կատարվել է Մյասնիկյան փողոցի, Տիգրան Մեծ-Վարդանանց հատվածի մայթերի սալիկապատում:

Կատարվել է Վանաձորի մուտքը խորհրդանշող ճարտ. փոքր ձևի կառուցում, բաժնի կողմից մշակվել է տիպային նախագծով նստարանների տեղադրում և այլն:
Շարունակվում է Տիգրան Մեծի պողոտա թիվ 19 հասցեում ստոմատոլոգիական կլինիկայի կառուցումը, «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին պատկանող նախկին մորթու-մուշտակի ֆաբրիկայի արտադրական շենքերի վերակառուցման՝ որպես հանգստի, հյուրանոցային և ռեստորանային գոտու, «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին պատկանող նախկին կահույքի գործարանի վերակառուցման (որպես հակակարկտային գործարան) աշխատանքները:
Արհեստական լճերի հարևանությամբ կառուցվել է Զորավար Անդրանիկի արձանը:
Աճուրդային հողերի օտարումից, ընդլայվող հողերի օտարումից, օրինականացման գործընթացից բյուջեի ֆոնդային մաս մուտք է եղել 325 մլն (երեք հարյուր քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ՝ 100 մլն դրամի փոխարեն, վարչական մաս մուտք է եղել 10 մլն (տասը միլիոն ՀՀ դրամ)՝ 5մլն դրամի փոխարեն:

You May Also Like