- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Այս շաբաթ կսկսվեն Վանաձորի փողոցների փոսային նորոգումները

Մարտի 25-ին Վանաձորի քաղաքապետարանի հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց քաղաքի ասֆալտապատ փողոցներում պատշաճ երթևեկելիության ապահվման վրա: Քանի որ ավարտվել է շուրջ 75 մլն դրամի շրջանակներում քաղաքի փողոցների փոսային նորոգումներ աշխատանքների գնման մրցույթը և արդեն հայտնի են հաղթող կազմակերպությունները, քաղաքապետը պահանջեց այս շաբաթ սկսել փոսային նորոգումների աշխատանքները:

Բացի այդ, տեղեկացվեց նաև , որ քաղաքապետը բանակցել է Վանաձորի տարածքում խմելու ջրի և կոյուղու խողովակաշարերի վերանորոգում իրականացնող ՛՛Դարոժնիկ՛՛ ՍՊԸ-ի ղեկավարության հետ և նրանք ևս առաջիկա շաբաթվա ընթացքում կսկսեն իրենց կողմից վնասված փողոցների ասֆալտապատ ծածկույթի վերականգնման աշխատանքները: Սակայն կան խնդիրներ, որոնք հուզում են ազգաբնակչությանը, սակայն քաղաքապետրանն ի զորու չէ իր ուժերով լուծել դրանք: Վանաձորի քաղաքապետարանը պատրաստվում է դիմել ՀՀ կառավարությանը Տիգրան Մեծ պողոտայի Նժդեհի խաչմերուկից մինչև Թումայան հրապարակ ընկած հատվածի ասֆալտապատման (փոսային նորոգումով արդեն խնդիրը չի լուծվի), քաղաքի կամուրջների ու էստակադաների վերանորոգման և 84 երրորդ կարգի վթարային շենքերի ամրացման խնդիրներիր լուծման նպատակով պետական աջակցություն ստանալու համար:

Այս խորհրդակցության ընթացքում էլ քննարկվեցին քաղաքի սանիտարական մաքրման և թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքների ընթացքը: Քաղաքապետի նախաձեռնությամբ ավանգանու անդամները ևս ընդգրկված կլինեն սանտիարական մաքրման աշխատանքների ամենշաբաթյա հսկողության գործընթացում: Յուրքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին քաղաքապետը և նախաձեռնությանն արձագանքած ավագանու անդամները շրջայց կկատարեն քաղաքի տարբեր թաղամասերում և կգնահատեն սանիտարական մաքրման վիճակը: Շրջայցի արդյունքում կձևավորվեն համապատասխան առաջարկություններ և կտրվեն հանձնարարականներ, որոնք թույլ կտան բարելավել սանիտարական մաքրման ուղղությամբ տարվող վարչարարությունը: