Պատվոգրեր՝ անտառածածկ գոտում հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար

Փետրվարի 14-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ պարգևատրության հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը։ Մասնակցում էին ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, հրշեջ-փրկարարական ջոկատների պետեր, անտառտնտեսության աշխատակիցները, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության աշխատակիցները, ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները և Վահագնաձոր համայնքի ղեկավարը:
Օրեր առաջ Վահագնաձոր համայնքի հարակից տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել, որը չափերով և բարդությամբ գնահատվել է երկրորդ աստիճանի՝ հավասարեցվելով Բյուրականի հրդեհի մակարդակին: Անհրաժեշտությունից ելնելով՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցեցել են տարբեր կազմակերպություններ՝ ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները, ԱԻՆ հատուկ ջոկատը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության աշխատակիցները, ՀՀ ոստիկանության ԼՄՎ Գուգարքի բաժնի աշխատակիցները և Վահագնաձոր համայնքի ղեկավարը՝ համայնքի բնակիչների հետ միասին: Մոտ 150 մարդ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին և 2 օր տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի համայնք և դեպի անտառի խորքը: Վառվել է մոտ 18 հա տարածք:
Անտառտնտեսության նախաձեռնությամբ ԱԻՆ-ի հետ համատեղ կազմակերպվեց հրդեհի վերլուծություն, ապա ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Արեն Աղաբաբյանի անունից Լոռու մարզպետը շնորհակալագրեր հանձնեց հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած կառույցների աշխատակիցներին և ղեկավարությանը՝ շուրջ 150 հոգու:

You May Also Like