- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

500 մլն դրամ՝ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգման համար

Գնահատելով մարզկենտրոն Վանաձորի ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակն ու քաղաքային բյուջեի սուղ հնարավորությունները՝ դեռևս անցած տարեվերջին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանրապետության նախագահին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Ընթացիկ տարեսկզբին հայտնի դարձավ, որ մարզի ղեկավարի խնդրանքը բավարարվել է, և նախագահի հանձնարարությամբ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 300 մլն դրամ: Եվ ահա մայիսի 31-ին հանրապետության կառավարությունից տեղեկություն ստացվեց, որ նշյալ գումարը արդեն հասցեագրվել է մարզկենտրոնին:
Այս մասին Լոռու մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը քաղաքի հասարակական տրանսպորտային երթուղիների ներկայացուցիչներին հայտնեց Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:
-Բացի կառավարության հատկացումից, այդ նպատակի համար 100 մլն դրամ ներդրում կարվի Վանաձորի բյուջեի, ևս 100 մլն դրամ՝ 2017 թվականին մարզին հատկացված հրատապ ծրագրային միջոցներից: Իհարկե, հասկանում ենք, որ նման գումարներով հնարավոր չէ հիմնավոր լուծում տալ տասնամյակներով կուտակված հիմնախնդրին, բայց գոնե որոշակիորեն կբարելավենք երթուղային սպասարկման ենթական հիմնական ճանապարհների վիճակը,-ասաց նա:
Ուղևորափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն արտահայտեցին հատկապես Դեմիրճյան և Գր. Լուսավորիչ փողոցների խիստ անմխիթար վիճակի վերաբերյալ, մարզային իշխանություններից ակնկալելով հնարավորինս սեղմ ժամկետներում իրավիճակը բարելավելու գործողություններ:
Փոխմարզպետը ներկա գտնվողներին և երթուղային սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններին ու անհատ վարորդներին մարզի ղեկավարության անունից հորդորեց ներողամիտ լինել ստեղծված իրավիճակի համար, որն ավելի շատ պայմանավորված էր տևական անձրևներով և հավաստիացրեց, որ այսուհետև հնարավորը կարվի փողոցների բարեկարգման ձգձգումները բացառելու համար: