Վանաձորի ավագանու տարեվերջյան նիստում

Դեկտեմբերի 21-ին տեղի ունենցավ Վանաձոր համայնքի ավագանու տարեվերջյան նիստը: Ներկա էին ավագանու ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎԿ, ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների 26 ներկայացուցիչներ: Նիստի օրակարգում ընդգրկված էր 8 հարց:
Մինչ օրակարգին անցնելը Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը շնորհավորեց ավագանու այն անդամներին, ովքեր ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրվեցին պատգամավոր: Մաղթեց նրանց բեղմնավոր աշխատանք՝ ի բարօրություն Վանաձորի, Լոռու և Հայաստանի Հանրապետության: Մամիկոն Ասլանյանը շնորհավորեց նաև Վանաձորի՝ «Երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսին արժանանալու կապակցությամբ՝ ընդգծելով թիմային աշխատանքի կարևորությունը լավագույն արդյունքի հասնելու գործում:
Օրակարգը միաձայն հաստատելուց հետո ավագանին անցավ երկրորդ հարցի քննարկմանը: Այն Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 20–ի թիվ 109-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին էր: Որոշման նախագիծը միաձայն հաստատվեց:
Երրորդ հարցով քննարկման էր դրված Վանաձոր համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 11-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 104-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այն ևս հաստատվեց: Չորրորդ հարցով ավագանին համաձայնություն տվեց նաև Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային և կրկնաճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին:
Ինչ վերաբերում է Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու և հողամասերի վարձավճարների մեկնարկային գներ սահմանելու մասին նախագծին, ապա այն ևս ձայների մեծամասնությամբ հաստատվեց:
Հաստատվեցին նաև Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին և «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին որոշումների նախագծերը:

Օրակարգի վերջին հարցով Վանաձոր համայնքի ավագանին որոշեց հաջորդ հերթական նիստի օրը: Այն տեղի կունենա փետրվարի 15-ին:

You May Also Like