Վանաձոր համայնքի ավագանու նոյեմբերի 29-ի հերթական նիստում

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ավագանու հերթական նիստը: Ներկա էին ավագանու ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎԿ, ԲՀԿ և ԼՀ խմբակցությունների 20 ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր 4 հարց: Քննարկման էր ներկայացված Վանաձոր համայնքի 2019 թվականի բյուջեի նախագիծը: Մինչ օրակարգի հաստատմանն անցնելը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմեն Եղիազարյանն առաջարկեց բյուջեի քննարկումը հետաձգել, քանի որ նիստը համընկել է ԱԺ ընտրությունների քարոզարշավի օրերին, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները ներգրավված են նախընտրական գործընթացում, ինչի պատճառով չեն կարողացել ներկայանալ նիստին: Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, ի պատասխան, նշեց, որ բյուջեն, մինչև հաստատման դրվելը, քննարկումների փուլ է անցել: Համայնքապետարանն ունի գնումների պլան, առաջնահերթություններ, որոնք հետաձգելու դեպքում կարող են ուշանալ: Ի վերջո, օրակարգն առանց փոփոխության դրվեց հաստատման, ապա սկսվեց բյուջեի քննարկումը: Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը նշեց, որ բյուջեն քննարկվել է նաև համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի կողմից, և հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Ծավալված քննարկումից հետո որոշման նախագիծը հաստատվեց:
Շուտով լրանում է աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցը: 30 տարի առաջ ողբերգությանն արձագանքեցին բազմաթիվ երկրներ` միացյալ ուժերով օգնության հասնելով Հայաստանին: Ավագանու անդամ Խորեն Վարդանյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր նախաձեռնող խումբ, որը միտված էր բացահայտելու և երախտիքի խոսք հայտնելու այն մարդկանց, ովքեր այդ դաժան օրերին եղել են մեր ժողովրդի հետ, ունեցել են փրկարարական և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ծանրակշիռ անձնական ավանդ, ցուցաբերել են բարոյական աջակցություն և մարդկային ջերմ վերաբերմունք: Եվգենի Կապուստինը այդ անհատներից է, ում «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին էլ հաջորդ որոշման նախագիծն էր: Այն միաձայն հաստատվեց:
Օրակարգի վերջին հարցով Վանաձոր համայնքի ավագանին որոշեց հաջորդ հերթական նիստի օրը: Այն տեղի կունենա դեկտեմբերի 21-ին:

 

You May Also Like