Վանաձորի կենտրոնի լանդշաֆտային ոճը կբարեփոխվի

Վանաձորում շարունակվում են գարնանային էտի և սիզամարգերի ձևավորման ընթացիկ աշխատանքները: Հողը նախապատրաստվում է ծաղկապատման և կանաչապատման: Այդ շրջանակում մեծ ուշադրություն է հատկացվում Վանաձորի կենտրոնին: Համայնքի ղեկավարը առաջին տեղակալի, կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետի հետ անձամբ է հետևում աշխատանքներին:
Խորենացի փողոցի երկայնքով ծավալվող ծաղկանոցների ձևավորումը վաղուց վերանայման կարիք ուներ, քանի որ քաղաք մտնող հյուրերին Վանաձորը դիմավորում է այս տեսարանով: Դեպի Խորենացի փողոց տեսարան է բացվում նաև Հայքի հրապարակից: Ծաղկանոցները երիզող սամշիթ տեսակի թփերն ավելի քան 40 տարեկան են և գրեթե չորացել են: «Նեցուկ» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Լաուրա Հալևորյանը տեղում ուսումնասիրել է դրանք: «Սամշիթները գերծերացել են: Կեղծ վահանակիր վնասատու օրգանիզմները համաճարակային էպիֆիդոտիկ բնույթ են կրում և արդեն վարակել են թփերը: Քանի որ դրանք ծեր են, փրկել հնարավոր չէ: Նույնիսկ սրսկումներն այս դեպքում անարդյունավետ են»,-ասաց մասնագետը:
«Նեցուկ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Համբարձումյանը վստահեցրեց, որ համայնքի ղեկավարի, կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պաշտպանության բաժնի պետի և համապատասխան մասնագետների հետ կխորհրդակցեն և կորոշեն, թե ինչպես է ձևավորվելու տարածքը: Ամենայն հավանականությամբ, սամշիթ դեկորատիվ թփերը կփոխարինվեն գնդաձև ակացիաներով: Դրանք գաճաճ ծառեր են և մասնագետի խոսքով՝ փողոցի տեսարանը չեն փակի, էտման և ընթացիկ ձևավորման աշխատանքները ևս հեշտ կլինի կազմակերպել:
Քաղաքապետը եղավ նաև Համերաշխության պուրակում (տիգրան Մեծի 12 և 14 շենքերի միջև ընկած հատված): Բարեկարգումից և հիմնանորոգումից հետո այստեղ տեղադրվել են նաև նստարաններ: Ծաղկապատման և լանդշաֆտային ձևավորման աշխատանքները ևս շուտով կսկսվեն: Աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի մյուս հատվածներում:

You May Also Like