Վանաձորը կունենա բասկետբոլի թիմ

Սեպտեմբերի 7-ին «Ուրարտու» բասկետբոլի ակումբի նախագահ և Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար Կարեն Գիլոյանը Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրել էր մամուլի ասուլիս: Նպատակն էր հանրությանն իրազեկել «Ուրարտու» բասկետբոլի թիմի գործունեության մասին, ներկայացնել  անելիքները: «Ուրարտու»-ն  2017թ.-ին հաղթել է բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում, իսկ ՀՀ առաջնությունում դարձել արծաթե մեդալակիր: Այն այսուհետ ներկայացնելու է Վանաձոր քաղաքը և կոչվելու է «Վանաձորի Ուրարտու»: Տնային հանդիպումները թիմն անցկացնելու է Վանաձորում:

Ասուլիսին ներկա էին նաև Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի հիմնադիր Արա Պողոսյանը, «Ուրարտու» թիմի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը, թիմի ավագ Թովմաս Հորդանյանը, Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:

Նախ բացման խոսքով հանդես եկավ  Արա Պողոսյանը. «Առաջնությունն առաջին օրվանից քաղաքականություն է վարել մարզերում բասկետբոլը զարգացնելու համար: «Վանաձորի Ուրարտու»-ի ձևավորումը կնպաստի, որ այն զարգանա նաև Վանաձորում»:

Կարեն Գիլոյանի խոսքով՝ սա «Ուրարտու» թիմի համար պատվավոր օր կարելի է համարել: «Որոշել ենք թիմին տալ Վանաձորի գրանցում: Այսօրվանից այն ներկայացնելու է մի քաղաք, որը բազմաթիվ նվաճումներ ունի, սպորտային հարուստ պատմություն: Վանաձորցիները սպորտ սիրում են: Խորհրդային տարիներին այստեղ հանդես է եկել «Հատիս» կանանց թիմը: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշեցինք այնպես անել, որ վանաձորցին հնարավորություն ունենա երկրպագել իր թիմին, որպեսզի բասկետբոլն այստեղ դառնա սիրված մարզաձև»,-ասաց «Ուրարտու» բասկետբոլի ակումբի նախագահը: Վերջինս վստահեցրեց, որ թիմի կորիզը պահպանել են: Փոխվել է գլխավոր մարզիչը: 2 ամերիկացի բասկետբոլիստ է հրավիրվել, որոնք արդեն գործող աստղեր են, բասկետբոլիստներ են հրավիրվել նաև Ռուսաստանի Դաշնությունից: Ակումբը նպատակ ունի թիմի կազմում ներառել նաև վանաձորցի մարզիկ: Սա, ըստ Գիլոյանի, մի քանի կարևոր նպատակ է հետապնդում. մարզաձևը կզարգանա, տեղում կտա կադրեր, որոնք հետագայում կհամալրեն «Ուրարտու»-ի կազմը, ինչպես նաև կլինի մրցակցություն, որը կբերի առաջընթաց:

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն էլ, շնորհավորելով թիմին, մասնավորապես ասաց. «Շատ հաճելի է, որ բասկետբոլի Ա լիգայում և հանրապետության առաջնությունում հանդես եկող թիմը իր տեղը ցանկանում է տեսնել Վանաձոր քաղաքում: Վանաձորը մարզական մեծ ավանդույթներ ունեցող քաղաք է: Մենք հիմնականում փայլել ենք մենապայքարային մարզաձևերում, այժմ մեր ազգային նկարագրի, աշխարհում ու երկրում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնի վրա պիտի սպորտում զարգացնենք կոլեկտիվիզմի մշակույթը և կարողանանք նաև խաղային մարզաձևերում ունենալ առաջընթաց: Մենք արդեն ունենք Հայաստանի բարձրագուն խմբում հանդես եկող ֆուտբոլային թիմ, որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Լոռի»-ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ  նախապես խոստացել էի, որ ինչով կկարողանանք կաջակցենք: Նույնն անելու ենք նաև բասկետբոլի համար: Ձեզ բարի երթ»:

You May Also Like