Ավարտվեց Վանաձորի քաղաքապետի գավաթի խաղարկությունը: Այն մեկնարկել էր սեպտեմբերի 28-ին: Հոկտեմբերի 4-ին եզրափակիչ հանդիպումներն էին և մրցանակաբաշխությունը: Մրցաշարն անցկացվեց Վանաձորի քաղաքային մարզադաշտում: Վիճակահանության օրը հայտ ներկայացրեց հավաքական 9 թիմ, որոնք բաժանվեցին 2 ենթախմբի: Կանոնակարգի համաձայն՝ 2 ենթախմբերի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը խաչաձև սկզբունքով պայքարեցին մրցանակային տեղերի համար:
«Ընդհանրապես, մեծ ֆուտբոլում 9 թիմ հավաքագրելը մեծ հաջողություն է, քանի որ ֆուտզալի առաջնություններին մեծ թվով թիմեր են գալիս, բայց հուրախություն մեզ՝ 9 թիմ ունեցանք: Կարծում եմ՝ «Լոռի» ֆուտբոլային թիմի հաջողությունները ևս ոգևորիչ նշանակություն ունեցան, և ավելի շատ մարդիկ ցանկացան մասնակցել գավաթի խաղարկությանը»,-ասաց Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Սաֆարյանը:
Յուրաքանչյուր թիմից կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան երկու ուժեղագույն թիմեր: միմյանց դեմ պայքարեցին «Գազպրոմ» և « Խանդակ» թիմերը, « Քաղաքապետարան-1» և
« Մանկատուն » թիմերը: Եզրափակչում արդեն պայքարն ավելի լարված էր: Ի վերջո հաղթող դարձավ «Գազպրոմ Արմենիա» թիմը: «Քաղաքապետարան-1»թիմը գրավեց 2-րդ տեղը, 3-րդ տեղում « Վանաձորի մանկատուն» թիմն էր: Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին Վանաձորի քաղաքապետի կողմից սահմանված գավաթներով, պատվոգրերով և մեդալներով: 5 լավագույն խաղացողներն ըստ օղակների՝ դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող և ռմբարկու, պարգևատրվեցին սպորտային հուշանվերներով և պատվոգրերով: