Արցախ ուղևորությանն ընդառաջ՝ հանդիպում զինծառայողների ծնողների հետ

Վանաձորի համայնքապետարանի կողմից արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպվում է Արցախում ծառայող վանաձորցի զինվորների ընտանիքների անդամների այցելություն Արցախի հանրապետություն:
Ծրագիրը տեղավորվում է ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում, որի նպատակն է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը: Հիմնականում ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով սոցիալական բաղադրիչը: Ցուցակներում ընդգրկվել են նպաստառու ընտանիքները: Ապրիլի 19-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում զինվորների ծնողների հետ: Սա ծրագրի նախապատրաստական փուլն է:
Արման Բերնեցյանը կիսվում է նախորդ ուղևորության տպավորություններով. «Առաջին անգամվա ուղևորությունից հետո անընդհատ հարցնում են՝ երբ է լինելու հաջորդը, դա նշանակում է, որ արդեն հնչեղություն ստացած լավ միջոցառում է»:
Համայնքապետարանի մեքենանենրը ճանապարհ կընկնեն մայիսի 19-ին, կազմակերպիչները հոգում են թե՛ ճանապարհի, թե՛ սննդի հարցերը: Ուղևորներին կուղեկցի նաև բժիշկ: Յուրաքանչյուր ընտանիքից կմեկնի մեկ հոգի: Մոտ 50 զինծառայող կհանդիպի ընտանիքի անդամին: Հանդիպումների վայրերն ընտրվել են Պաշտպանության նախարարության հետ համատեղ: Մեքենաները կշարժվեն 3 ուղղություններով: Ժամանակացույցն այնպես է կազմվել, որ հանդիպումները երկար տևեն: Ուղևորությունը մեկօրյա է:

You May Also Like