Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր-Լոս Անջելոս համագործակցության նոր կամուրջ

. Լուրեր

Վանաձոր-Լոս Անջելոս համագործակցության նոր կամուրջ

Օրերս ԱՄՆ Լոս Անջելոս քաղաքից Վանաձոր էր ժամանել սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ , բարերար, վաստակաշատ մանկավարժ, ՌԱԿ Կենտրոնական վարչության և Գերագույն խորհուրդի անդամ Վարդգես Գուրույանը: Սա նրա երկրորդ այցն էր Վանաձոր:

Առաջին այցը 2015 թվականին մեկօրյա էր՝ ճանաչողական , թեև այդ այցի արդյունքներով էլ իրականացվեցին և ֆինանսավորվեցին մի քանի բարեգործական ծրագրեր և ձևավորվեցին այն աշխատանքային թիմերը այստեղ ՝ Վանաձորում, և այնտեղ ՝ Լոս Անջելոսում, ովքեր հետևողականորեն , ծրագիր առ ծրագիր պետք է փորձեն համագործակցության նոր կամուրջ ստեղծել Վանաձորի և Լոս Անջելոսի միջև:

Երկրորդ այցը գործնական էր և Վանաձորում հիմնված ու արդեն գործող ՛՛Քառաչափ Հայացք՛՛ բարեգործական հիմնադրամին կից ստեղծված (որի հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև Վարդգես Գուրույանը) մարզա-մշակութային միավորների , առցանց մեդիա կենտրոնի հետագա գործունեության նախանշումն ու նոր գաղափաների տեր երիտասարդ անհատների հետ ծանոթությունն էր:

Այցի ընթացքում Լոռու մարզի Լեռնապատի միջնակարգ դպրոցին, ուր գործում է նաև հիմնադրամին կից Արշավականների ակումբը, տրամադրվեցին նոր արշավական և կրթական հագուստներ , նախանշվեցին դպրոցի և համայնքի հետ հնարավոր համագործակցության ուղիները:

Վարդգես Գուրույանը և հիմնադրամի ղեկավարությունն այցելեցին նաև Տարոն -4 թաղամասում հիմնադրամին կից նորաստեղծ Երեխաների էսթետիկական դաստիարակության կենտրոն, հանդիպեցին երեխաների և ծնողների հետ:

Այցի ընթացքում կայացան հանդիպումներ նաև երիտասարդ և ակտիվ գործունեություն իրականացնող անհատների հետ՝ ավագանու անդամ, գրողներ, մանկավարժներ…: Այս հանդիպումների արդյունքում որոշվեց հիմնադրամին կից ստեղծել Հովհաննես Թումանյանի անվան մշակութային միություն, որպեսզի հավաքական ուժերով հնարավոր լինի աջակցել և աշխուժացնել մշակութային կյանքը Վանաձորում:

Սակայն այցի ամենակարևոր պայմանավորվածություններից մեկը կայացավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, ով հյուրընկալել էր Վարդգես Գուրույանին՝ նրա խնդրանքով: Լոս Անջելոսում Գուրույանների գերդաստանը տեղեկացել էր , որ 2017 թվականի ամռանը նախապատրաստվում է դրամահավաք մարաթոն, որի ընթացքում հանգանակված միջոցները կուղղվեն Վանաձորին: Վարդգես Գուրույանը իր և իր գերդաստանի անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել Լոս Անջելեսում կազմակերպվելիք դրամահավաքի կազմակերպչական աշխատանքներին և նաև քարոզչություն իրականացնել այդ ուղղությամբ:

Վարդգես Գուրույանը երկար տարիներ գլխավորել է Լոս Անջելոսի Արշակ Տիգրանյան ազգային վարժարանը և այսօր նրա սաները հաջողակ գործարարներ ու տարբեր ոլորտներում ազդեցիկ դիրք ունեցող անհատներ են:

Պայմանավորվեցին, որ Լոս Անջելոս այցի ընթացքում Վանաձորի քաղաքապետն անպայման հյուր լինի Գուրույանների գերդաստանում Նոր Հոլիվուդում:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր հերթին հավաստիացրեց, որ քաղաքապետարանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել նոր ձևավորվող միությանը և կարևորեց քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և կրթության բաժնի հետ նոր միության սերտ համագործակցությանը:

Տեղեկացնենք նաև, որ Լոռու մարզ էր ժամանել նաև Լոս Անջելոսում հայտնի ակնավիրաբույժ Հրաչ Վարդգեսի Գուրույանը, ով ծանոթացավ Սպիտակի հիվանդանոցի ակնաբուժական նոր բաժանմունքին: Ցավոք, ժամանակի սղության պատճառով Հրաչ Գուրույանը չկարողացավ այցելել Վանաձոր , սակայն խոստացավ հաջորդ այցի ժամանակ անպայման լինել Վանաձորում և փորձել աջակից լինել մի շարք նախաձեռնությունների:

 

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր