Վանաձորում բացվեց լեհ նկարիչ Ամադեուշ Պոպեկի անհատական ցուցահանդեսը

Հունիսի 8-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ լեհ նկարիչ, գրաֆիկական դիզայնի վարպետ, Լեհաստանի Լյուբլին քաղաքի Մարիա Կյուրի Սկլադովսկա համալսարանի դոկտոր Ամադեուշ Պոպեկի գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցահանդեսը կրում էր «Սևի և սպիտակի միջև» խորագիրը: Այն տեղի ունեցավ Վանաձոր-Լյուբլին քույր քաղաքների միջև համագործակցության շրջանակում: Աջակիցներն էին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը և Վանաձորի համայնքապետարանը:
Բացմանը ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, համայնքապետարանի բաժինների պետեր, ավագանու անդամներ, արվեստագետներ և արվեստասերներ: Տանտիրոջ իրավունքով ողջույնի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Կարինե Գլոյանը, ով Ամադեուշ Պոպեկին նվիրեց սաների ձեռքի աշխատանքներից փոքրիկ գոբելեն և կավե նուռ, ապա համայնքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը նախ ներկայացրեց Վանաձոր և Լյուբլին քույր քաղաքների համագործակցության պատմությունը:
Այն սկիզբ է առել 2017 թվականին, երբ Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի և Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ Վանաձորը և Լյուբլինը դարձան քույր քաղաքներ, և 2018 թվականից բարեկամական հարաբերությունները սկսեցին զարգանալ: Մամիկոն Ասլանյանի հանձնարարությամբ Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի և Լյուբլինի քաղաքապետարանի համապատասխան բաժնի համագործակցությամբ որոշվեց Վանաձորում ներկայացնել լեհական ժամանակակից արվեստը: «Վստահեցնում եմ, որ նմանատիպ հանդիպումները լինելու են շարունակական: Քույր քաղաքների հետ հարաբերությունները, հուրախություն մեզ, երկար ժամանակ է՝ դինամիկ զարգանում են: Ուժեղ է այն ազգը, որը հաղթում է մշակույթով և արվեստով: Սա է վկայում պատմությունը»,-ասաց Գոռ Բադյանը: Նկարիչը քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կողմից արժանացավ շնորհավորագրի: Օրհնության խոսք հղեց Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, ինչից հետո համայնքի ղեկավարի ձեռքով կտրվեց կարմիր ժապավենն ու հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու Ամադեուշ Պոպեկի աշխատանքները: Օրվա հերոսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, հյուրերի հետ կիսեց իր տպավորությունները Վանաձորի բնության և հյուրընկալության վերաբերյալ, պատասխանեց ներկայացված աշխատանքների մասին հյուրերին հուզող հարցերին:

You May Also Like