«Վանաձորի օր-2018»

«Վանաձորի օր» ամենամյա տոնակատարությունն այս տարի մեկնարկեց «Հաղթող սերունդների քաղաք» խորագրի ներքո: Վաղ առավոտից Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը դիմավորում էր հյուրերին, ովքեր ժամանել էին Վանաձորի քույր քաղաքներից և հանրապետության տարբեր համայնքներից: Օրվա պատվարժան հյուրերի թվում էին նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ և Վանաձորի պատվավոր քաղաքացիներ: Բարեմաղթանքի խոսքեր և նվերներ փոխանակելուց հետո տոնի մասնակիցները միասին շարժվեցին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որտեղ Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանի գլխավորությամբ աղոթք բարձրացվեց առ Աստված՝ ի բարօրություն Վանաձորի և հանուն նրա շենացման:

Առջևում օրվա մշակութային միջոցառումների մեկնարկն էր: Այն տրվեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում՝ տոնական համերգով: Բացման խոսքով հանդես եկավ տեր Վահան քահանա Ազարյանը, ապա տանտիրոջ իրավունքով հյուրերին ողջունեց և տոնի առթիվ վանաձորցիներին շնորհավորեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: «Վանաձորի օրվա» առթիվ բարեմաղթանքի խոսք ասացին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով վանաձորցիներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի անունից Մամիկոն Ասլանյանը Տոմսկ քաղաքում խաչքար և Կուտուզովի արձանը կերտելու համար քանդակագործ Սերգեյ Դանիելյանին և Սարգիս Ղարիբյանին հանձնեց մեդալներ: Ելույթ ունեցան Վանաձորի համայնքապետարանի կամերային երգչախումբը, «Անկախության սերունդ» երգչախումբը, Վանաձորի համայնքապետարանի կամերային նվագախումբը, «Հորովել» երգի-պարի անսամբլը: Համերգը վարում էր դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:

Համերգի ավարտից հետո հյուրերը Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի երաժշտական հնչյունների ներքո ճանապարհ ընկան դեպի Տիգրան Մեծի 12-14 հասցեում գնվող պուրակ, որը համայնքապետարանի ջանքերով վերջերս է վերակառուցվել: Բացման արարողությունն ուղեկցվեց մշակութային համարներով: Ելույթ ունեցան «Հորովել» մանկապատանեկան համույթի սաները: Կարմիր ժապավենը կտրելուն պես հյուրերը զբոսնեցին պուրակում, որտեղ  ծանոթացան  տարբեր տաղավարներում Վանաձոր քաղաքում գործող երիտասարդական կազմակերպությունների և ՀԿ- ների ներկայացրած  ծրագրերին և ցուցահանդեսին:

Տոնական օրվա շարունակությունը նորակառույց «Մոր և մանկան» այգում էր: Լոռու մարզպետարանի ետնամասում գտնվող  գողտրիկ պուրակում Վանաձորի արվեստի և գեղարվեստի դպրոցների, մշակույթի տների, գեղարվեստի և մշակութային կենտրոնների սաների աշխատանքների ցուցահանդեսն էր, որն ուղեկցվեց  նաև գեղարվեստական ելույթներով:

Տոնական շքերթը  հանդիսավորությամբ շարժվեց Տիգրան Մեծի պողոտայով դեպի հաջորդ կանգառը:  Օրը կրկնակի տոնական էր, քանի որ Հայաստանում ընթանում են Ֆրանկոֆոնիայի օրերը, որոնց շրջանակում էլ  Վանաձորի Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի բակում տեղի ունեցավ հերթական միջոցառումը:

«Վանաձորի օրվա» գլխավոր միջոցառումը երեկոյան էր, Հայքի հրապարակում: Վանաձորցիների տոնական օրվա բարձր տրամադրությունն ապահովեցին Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը: Վանաձորի օրը եզրափակեց շքեղ հրավառությունը: Տոնդ շնորհավոր, Վանաձոր:

You May Also Like