Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

«Վանաձորի օր»-ը` նոր ձեռքբերումների սկիզբ

. Լուրեր

Վանաձորը հոկտեմբերի 7-ի առավոտյան արթնացավ գունագեղ հանդերձով և մոտալուտ ուրախության սպասումով: 2000 թ.-ից ի վեր տոնը նշվում է մեծ շուքով և հազարավոր վանաձորցիների և հյուրերի՝ աշխարհի տարբեր անկյուններից համախմբում է Լոռու մարզկենտրոնում: Այս տարի տոնն անցկացվեց «Վանաձորը՝ բարեկամության քաղաք» խորագրով: Հայքի հրապարակում վաղ առավոտից տոնական միջոցառման նախապատրաստական աշխատանքներ էին իրականացվում, իսկ քաղաքապետարանում դիմավորում էին հյուրերին՝ հանրապետության տարբեր քաղաքներից և արտերկրից: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի աշխատասենյակում հյուրերը բաժակ էին բարձրացնում Վանաձորի բարօրության և համագործակցության ընդլայնման հեռանկարների համար: Ժամանած պատվիրակությունների թվում էին Լեհաստանի Լյուբլին քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ Արթուր Շիմչիկովը և արտաքին կապերի պատասխանատու Ջոանա Սալապան,  Լեհաստանի դեսպանի խորհրդական Մարեկ Ռեշութան, Բելառուսի դեսպանի խորհրդական Վադիմ Միխայլովը, ՌԴ հյուպատոս Ալեքսանդր կոպնինը: Մամիկոն Ասլանյանը քաղաքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ ստացավ նաև Ֆրանսիական Բանյոյի քաղաքապետ Մարի Հելեն Ամիաբլեի, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլայի, Վիտեբսկի քաղաքապետ առաջին տեղակալ Վալենտին Ցվետկովի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազաոր դեսպան Էյջի Տագուչիի, Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Կարեն Փարեմուզյանի և մի շարք այլ պաշտոնյաների և կազմակերպությունների ղեկավարների անունից:

Ընդունելությունից հետո բոլորը միասին ուղևորվեցին Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որտեղ միասնական աղոթք հղեցին՝ առ Աստված՝ հանուն Վանաձորի բարօրության և առաջընթացի: Հաջորդ կանգառը Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում էր, որտեղ այցելուները վայելեցին  ՀՀ ժողովրդական նկարիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Անատոլի Ավետյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, իսկ կերպարվեստի թանգարանի բակում ունկնդրեցին  «Քեզ համար, Վանաձոր» բացօթյա համերգը, որին միացավ նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով աշխատանքային այցով Վանաձորում էր և մինչ այդ ներկա էր եղել «Ռադ-Սանե Վաշամիր» ՍՊԸ-ի կողմից կառուցվող գործարանի  հիմնարկեքի արարողությանը, համայնքի տարածքում կառավարության ֆինանսավորմամբ ասֆալտապատվող փողոցների շինհրապարակներում, ինչպես նաև «Թթու ջուր» կոչվող տարածքում ՝ այն  հանգստյան գոտի դարձնելու ներդրումային ծրագրի քննարկման նպատակով:

Հյուրերի և վանաձորցիների հետ միասին վարչապետը, Լոռու մարզպետը, Վանաձորի համայնքապետն՝ իր աշխատակազմով բարեկամության երթով Թումանյան հրապարակից ուղևորվեցին դեպի գլխավոր՝ Հայքի հրապարակ:  Երթուղու ամբողջ երկայնքով երկինքը զարդարում էին Վանաձորի քույր քաղաքների դրոշները, որոնցից յուրաքանչյուրի տակ ներկայացված էր տվյալ երկրի մշակույթը: Հայքի հրապարակում, որն արդեն բազմամարդ էր, մեկնարկեց տոնական միջոցառումը: Բացման և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Վանաձորի քաղաքապետը, ապա Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանը օրհնության խոսք ուղղեց տոնի մասնակիցներին և Վանաձորի ողջ բնակչությանը:  Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև բարձրաստիճան հյուրեը: Պաշտոնական արարողության վերջում հանդիսավոր կերպով բարձրացվեցին Վանաձորի քույր քաղաքների դրոշները:  Տոնական օրվա վերջում գլխավոր համերգն էր: «Ռեինկարնացիա» խումբը վանաձորցիներին պարգևեց բարձր տրամադրություն և բազմաթիվ հիշարժան պահեր:  Երեկոն ամփոփեց շքեղ հրավառությունը:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր